Մատչելիության հղումներ

Հայաստանում տոտալ անիշխանություն է, հայտարարում է Գևորգ Գորգիսյանը


ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում, 26-ը նոյեմբերի, 2020թ.
ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում, 26-ը նոյեմբերի, 2020թ.

Հայաստանում անիշխանություն է, հայտարարում է խորհրդարանի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ Պատգամավորը կարծում է` դա պարզորոշ երևաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի երեկվա ասուլիսից:

«Փաստացի հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության սահմանագծման դեմարկացիայի աշխատանքներին մասնակցել է երկու կողմ` ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ն, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը: Սա նշանակում է` Հայաստանում տոտալ անիշխանություն է: Հայկական կողմը որևէ կերպ չի մասնակցել Հայաստանի Հանրապետության սահմանի անցկացման պրոցեսին», - ասում է Գորգիսյանը:

Ընդդիմադիրները երեկ պնդում էին՝ ադրբեջանցիները դեն են նետել Սոթքից ոչ հեռու օրերս տեղադրված հայաստանյան անցակետի դարպասները և առաջ շարժվել:

Կեսգիշերին մոտ լրագրողներին հանդիպած Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը պնդեց՝ Հայաստանի պետական դրոշով անցակետը Սոթքի ոսկու հանքը շահագործող ռուսական «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունն է տեղադրել սեփական նախաձեռնությամբ` իրենց անվտանգությունը ապահովելու համար, հայկական ուժերն անվտանգության գոտու պաշտպանությանը չեն մասնակցել։ Ադրբեջանցիներն էլ դուրս գալու հարցով, ըստ հայաստանցի բարձրաստիճան զինվորականի, պայմանավորվել են հենց ռուսական կողմի հետ։

Ինպե՞ս կարող էր մասնավոր ընկերությունը անցակետ բացել ու պետական սահմանի մի մասի պահպանությունը իրականացնել հարցին, բարձրաստիճան զինվորականը պատասխանեց. «Միջազգային կամ չգիտեմ այլ դեպքերում քանի՞ այդպիսի դեպք գիտեք... ոչ մի, սա եզակի դեպք էր, հիմա սենց է ստացվել»:

Ըստ առկա քարտեզների՝ Սոթքի հանքավայրի մի մասը գտնվում է Հայաստանի տարածքում, մյուս մասը` Քելբաջարի շրջանում, որն օրեր առաջ անցավ Ադրբեջանին։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալն ասում էր՝ հանքի ղեկավարությունը և Պաշտպանության նախարարությունը տեղեկացված են եղել, որ նոր սահմանն անցնելու է հանքի տարածքով։ Սոթքի հանքավայրի աշխատակիցներն ինչո՞ւ նախապես զգուշացված չեն եղել: «Այդ մարդկանց մենք ի՞նչ պիտի զգուշացնեինք, աշխատանքի չգնա՞լ, գործատուն, ներողություն, այդ մարդկանց բանա՞կն է: Նրանք Հայաստանի քաղաքացիներ են, Հայաստանի քաղաքացիների անվտանգության ապահովման մասին Հայաստանի տարածքում, իհարկե, մենք ենք մտածում և պարտավոր ենք դա անել», - ասում է Տիրան Խաչատրյանը:

Գևորգ Գորգիսյանը կարծում է՝ երեկվա միջադեպը նաև ցույց տվեց՝ Հայաստանը չի կարողացել ապահովել թե՛ իր տարածքում գրանցված ընկերության, թե՛ այնտեղ աշխատող հայաստանցիների անվտանգությունը. «Իր համար անվտանգության հարցերը փորձել է լուծել ՍՊԸ-ն անձամբ, ինքնուրույն, առանց պետական օժանդակության և միջամտության` պայմանավորվելով ադրբեջանցիների հետ»:

Ընդդիմադիրները պնդում են՝ պաշտոնական տեղեկություններին այլևս չեն վստահում, հենց երեկվա հակասական հայտարարություններից հետո ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ այցելել էին Սոթք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, նրանց թվում նաև Նաիրա Զոհրաբյանը. «Մեզ ուղարկում են սոթքեցիները, թե ինչպես են թուրքերը թուրքերեն խոսալով մտնում, նույն պահին վարչապետի խոսնակը հերքում է, ասում է` սուտ է, չկա նման բան: Նույն պահին Պաշտպանության նախարարությունը տարածում է հայտարարություն, ասում է` սուտ է չկա նման բան, նույնը մարզպետը, ասում է` սուտ է, չկա նման բան, Վարդենիսի քաղաքապետն ասում է` ոչ, սուտ չէ, կա նման բան, Սոթքի համայնքապետն ասում է` սուտ չէ: Գիտեք` էտ արծրունհովհաննիսյանական սուտը այս պատերազմի 44 օրերի ընթացքում սուտն էր, որ բերեց, մեր հայրենիքի սահմանը հասցրեց այստեղ»:

Զինված ուժերի պաշտոնյան երեկ պնդում էր՝ Սոթքում հայկական դիրքերի փոփոխություն չի եղել, բայց դա չի նշանակում, որ ապագայում չի լինի. «Մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր, կարող եմ ասել, որ տեղեր կա, իհարկե դա կարող է հետագայում որոշակի քննարկումների կամ անհամաձայնությունների առիթ հանդիսանալ, որ մեր զորքերը գտնվում են սահմանից բավական առաջ»:

Պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարեց, որ Սոթքում մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ։ Արդյոք պատերազմից հետո սահմանների ճշգրտումը սկսվա՞ծ է։ Արտգործնախարարության այսօր տարածած հայտարարությունից, սակայն, պարզ չի դառնում, գերատեսչությունից էլ հրաժարվում են հավելյալ մեկնաբանություններից։

Արտաքին գերատեսչությունը տեղեկացրել էր՝ մարտական հերթապահության իրականացման նպատակով այսօր Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում: Որ հատվածներում պարզ չէ: Այնուհետև շարունակել էին` պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG