Մատչելիության հղումներ

Դեռ հոկտեմբերին Փաշինյանը համաձայն էր լավրովյան պլանին, ասում է Արման Բաբաջանյանը


Դեռ հոկտեմբերին Փաշինյանը համաձայն էր լավրովյան պլանին, «Ազատության» հետ զրույցում ասում է ԱԺ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն» - Դուք երկու անգամ պատերազմի օրերին հանդիպել եք վարչապետին, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ձեզ լուծման առաջարկ ներկայացվե՞լ է, որ օրինակ` համաձայնենք «Լավրովյան պլանին, պատերազմը կկանգնի, ասե՞լ է վարչապետը նման բան:

Արման Բաբաջանյան - Այն օրը, երբ փաստորեն ընկնում էր Հադրութը, հոկտեմբերի 19-ն էր, մի քանի անգամ քաղաքը, կարծեմ, հանձնվել էր թշնամուն, ետ էր վերցվել, և այդ օրը վերջին ժամերն էին կարծես, ի դեպ դա այն օրն է, որը վկայաբերեց իր հարցազրույցում նաև Ռուսաստանի նախագահը: Հոկտեմբերի 19-ին, երբ նա խոսել էր Շուշիի մասին և այնտեղ ադրբեջանցիների վերադարձի մասին հայկական վերահսկողությամբ: Այո, այդ օրը վարչապետը խոսեց իր ստացած նամակի մասին Արայիկ Հարությունյանից, որը խորհրդակցել էր Արցախի և Հայաստանի նախկին նախագահների հետ և հղել էր նամակ, որում խնդրում էր Հայաստանին անմիջապես բանակցային սեղանի վրա առկա փաստաթղթի շուրջ սկսել բանակցությունները, իսկ փաստաթուղթը «Լավրովի պլանն» էր:

Եվ մեր հանդիպմանը նախորդած Անվտանգության խորհրդի նիստում, ըստ էության, ներկայացվել էր այդ ամբողջ նամակը, բովանդակությունը և վարչապետի տրամադրություններն, ըստ էության: Նույն օրը վարչապետը խոսել էր Պուտինի հետ և նրան հարցրել` ի՞նչը կկանգնեցնի պատերազմը: Պուտինը նրան պատասխանել էր` «Լավրովի պլանը»: Եվ Հայաստանը, ըստ էության, քաղաքական ուժերի հետ Հայաստանի վարչապետը քննարկում էր և տեղեկացնում, որ մեր իրավիճակը, մեր ահռելի տարածքային և մարդկային կորուստները, վարչապետի կողմից արտաբերված միտքն եմ փոխանցում, մեզ ստիպում են գնալ այս ճանապարհով:

«Ազատություն» - Այսինքն` հակվա՞ծ էր ինքը:

Արման Բաբաջանյան - Եվ ընդհուպ մինչև քաղաքական ուժերի ներկայացուցիչներից մեկի հարցին, թե սա կապիտուլյացիա՞ է, պարոն վարչապետ, վարչապետը չհակադարձեց, ըստ էության համաձայնություն տվեց, և ես հարցրի` բայց ինչքանո՞վ ենք մենք վստահ, որ պատերազմի այս փուլում, երբ Ադրբեջանը հաղթում է մեզ, Ադրբեջանը կհամաձայնի գնալ «Լավրովի պլանի» ճանապարհով, վարչապետը չհերքեց և համաձայնեց, որ կարող է նոր նախապայմաններ լինեն, և Մեղրիի միջանցքի վերաբերյալ առաջին անգամ այդտեղ հայտարարվեց:

Մեր հանդիպումից անմիջապես հետո նույնիսկ ժամացույցին էր անընդհատ նայում, որ խնդրում եմ, ավարտենք, ես պիտի խոսեմ Ռուսաստանի նախագահի հետ: Դա 20:00-ն էր: Պիտի խոսվեր, և Հայաստանն իր համաձայնությունը պիտի տար: Ըստ էության, հասկանում ենք, որ եղել է այդ զանգը, այդ համաձայնությունը, Ալիևը չի համաձայնել կանգնեցնել` առանց նույնիսկ այդ պահին նախապայմանների, որովհետև մեր հանդիպման ամփոփումը դրա մասին էր, որ պատերազմը դադարելու է, որովհետև Ռուսաստանի հետ ձեռք է բերվում, ըստ էության, պայմանավորվածություն` «Լավրովի պլանով» շարժվել:

XS
SM
MD
LG