Մատչելիության հղումներ

«Ասել՝ այս պատերազմն ու հրադադարի հայտարարությունը դիվանագիտական ձախողում չեն, իրականության աղճատում է». քաղաքագետ


Քաղաքագետ Արման Գրիգորյանը (ձախից) և Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը (աջից)

Դիվանագիտական ձախողումնե՞րն են հանգեցրել պատերազմին ու Արցախի մեծ մասը Ադրբեջանին զիջելու Փաշինյանի ստորագրած փաստաթղթին, արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը բացառում է, մեղադրանքի սլաքներն ուղղում մարտի դաշտ։

Մեր ձախողումները ռազմական են, դիվանագիտական չեն, այսօր հայտարարել է արտգործնախարարը. «Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, և դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար մեր զինվորները դիմադրում: Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»:

Ասել, որ այս պատերազմն ու հրադադարի հայտարարությունը դիվանագիտական ձախողում չեն, իրականության աղճատում է, արտգործնախարարին հակադարձում է Միացյալ Նահանգների Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը. «Ասել, որ սա դիվանագիտական ձախողում չէ, և որ ուղղակի բանակը պարտվեց, և որ բանակը ուրիշ բան կարող էր անել, բայց պարտվեց, դա իմ կարծիքով` իրականության շատ աղճատված ներկայացում է»:

Բանակին ձախողումների համար կարող էին մեղադրել, եթե Գլխավոր շտաբը մեր ուժերը գերագնահատող վերլուծություն ներկայացրած լիներ, ընդգծում է քաղաքագետը։ Այնինչ, Գլխավոր շտաբը դեռ պատերազմից երեք ամիս առաջ է քաղաքական ղեկավարությանը զգուշացրել` Հայաստանը պատերազմի վտանգի առաջ է և չի կարող արդյունավետ դիմակայել։ «Բանակի ղեկավարությունը պատերազմը սկսելուց մի քանի օր անց մի այնպիսի կոչով դիմել է քաղաքական ղեկավարությանը, որ պետք է ելքեր գտնել դիվանագիտական, և քաղաքական լուծում պետք է գտնել, ռազմական լուծումը մեր օգտին չի լինելու, և վերջապես հոկտեմբերի 20-ի զինադադարի առաջարկը Ռուսաստանի կողմից, որ մերժվել է մեր քաղաքական ղեկավարության կողմից, դա նույնպես պետք է համարել արտաքին քաղաքական և դիվանագիտական ձախողում մեծ հաշվով, կատաստրոֆիկ ձախողում», - ասում է քաղաքագետը:

Փաշինյանի իշխանության դիվանագիտությունը կարծր էր, Ղարաբաղյան հակամարտության բանակցություններից դուրս եկավ՝ պատճառաբանելով, թե քանի որ իրեն Արցախի ժողովուրդը չի ընտրել, ինքը բանակցելու մանդատ չունի։ Վարչապետի դիվանագիտական ձախողումները շարունակում է թվարկել քաղաքագետ Գրիգորյանը. «Սա փաստորեն տորպեդահարեց բանակցությունները, բանակցային պրոցեսը այն պատճառաբանությամբ, որ քանի որ ինքը չի ընտրվել Արցախի ժողովրդի կողմից, նա մանդատ չունի բանակցելու, բայց դա պատճառ չէր, այլ պատճառաբանություն, ինչպես հետագա իրադարձությունները ցույց տվեցին: Բացի դրանից, նրա հայտարարությունները` «Արցախը Հայաստան է և վերջ», Սևրի պայմանագրի մասին, տավուշյան «հերոսամարտից» հետո տեղի ունեցած այդ ամբողջ աղմուկը, և ի վերջո նույնիսկ հատկապես տավուշյանից հետո տեղի ունեցավ, և երբ Լավրովը բաց տեքստով արդեն մեր դիվանագիտությունը քննադատեց, մեր դիրքորոշումը քննադատեց, դա նույնպես կարծես որևէ ազդեցություն չունեցավ մեր իշխանությունների վրա: Եվ այս ամենը տեղի էր ունենում այն ֆոնի վրա, որ բանակի ղեկավարությունը, Գլխավոր շտաբը շատ հոռետեսական գնահատական էր տվել մեր շանսերին»:

Քաղաքագետի համար անհասականալի են նաև Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների այն արդարացումները, թե եթե մինչև պատերազմը համաձայնեին տարածքային փոխզիջման, ժողովուրդը կընդվզեր։ Իսկ ի՞նչ դիրքորոշում պետք է ունենար ժողովուրդը, որին թե՛ Փաշինյանը, թե՛ նրան նախորդած երկու իշխանությունները չեն ներկայացրել Հայաստանի իրական վիճակը։ 22 տարի հրամցրել են մարտունակ բանակի և հզոր դիրքերի մասին պատմություններ, ասում է քաղաքագետը. «Ժողովուրդը ինֆորմացիա չուներ, ժողովուրդն իր դիրքորոշումները պայմանավորել էր իր ունեցած ինֆորմացիայով, որի պատասխանատուն իշխանություններն էին»:

Հրադադարի հայտարարության ստորագրումից ութ օր անց արտգործնախարարի պաշտոնը ստանձնած Արա Այվազյանի հայտարարությունը քննադատում է նաև խորհրդարանական ընդդիմությունը: Այս խոսքերի հեղինակի վարած դիվանագիտության հետ հույսեր չի կապում «Լուսավոր Հաայստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. «Նա այսօր հայտարարել է, որ մենք պարտվել ենք ռազմի դաշտում, ոչ թե դիվանագիտության: Եթե այդ մարդը չգիտի, որ պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ որ դիվանագիտությունը պարտվում է, ես ոչ մի ակնկալիք, ոչ մի սպասում չունեմ այդ մարդկանցից»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խայտառակություն է որակում նորանշանակ նախարարի խոսքերը. «Տարրական դիվանագիտական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր ոք կարող է արձանագրել, որ մենք հատկապես դիվանագիտական դաշտում կրել ենք խայտառակ պարտություն»:

Արա Այվազյանն Արտաքին գործերի նախարարություն է տեղափոխվել պատերազմի օրերին։ Հոկտեմբերի 16-ին փոխնախարար էր նշանակվել, նոյեմբերի 18-ին՝ նախարար։ Նախկինում դեսպան է եղել լատինամերիկյան և եվրոպական տասից ավելի երկրներում։

XS
SM
MD
LG