Մատչելիության հղումներ

Պուտինն այսօր հերթական անգամ ԼՂ-ին առնչվող հարցերը քննարկել է Անվտանգության խորհրդի նիստին


Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացի ֆոնին ինտենսիվ հեռախոսային երկխոսության մեջ է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ, այսպես է այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել, թե արդյոք նախօրեին երկու հեռախոսազրույց է կայացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Պուտինի միջև, և ինչի՞ հետ էին կապված այդ հեռախոսազանգերը։

Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլը միշտ չէ, որ պաշտոնական հաղորդագրություն է տալիս նախագահի միջազգային հեռախոսազրույցների մասին: Փաշինյանն անցած գիշեր հայտնել էր, որ երկու հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ:

Ռուսաստանի նախագահն այսօր նաև հերթական անգամ Ղարաբաղի հետ կապված հարցերը քննարկել է Անվտանգության խորհրդի նիստին: Պեսկովի փոխանցմամբ` Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, ռուս խաղաղապահների գործունեության և Լեռնային Ղարաբաղում մարդասիրական առաքելության խնդիրները։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Ղարաբաղյան խնդրին այսօր անդրադարձել է նաև Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հերթական անգամ հայտարարել է, որ նոյեմբերի 10-ի գիշերը ստորագրված համաձայնագիրը իրագործվում է, որևէ խնդիր դրա իրագործման հետ կապված չի առաջանում, և որ ռուսաստանցի խաղաղապահներն ամբողջովին վերահսկում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. «Ռուսաստանցի խաղապահները շարունակել են իրենց գործունեությունը` փախստականների վերադարձի, անհետ կորածներին հայտնաբերելու, զոհվածների մարմինները վերադարձնելու համար»:

Գերիների մասին Մարիա Զախարովան այսօր չի խոսել, ինչպես նաև չի անդրադարձել երկու օր առաջ Արցախի ճանաչման մասին Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշմանը։ Սենատի այս որոշումն ընդհանրապես պաշտոնական Մոսկվան չի մեկնաբանել։

Մասնագետները զբաղվում են Ղարաբաղում մնացած ահաբեկիչներով, այդ աշխատանքը կատարվում է զինվորականների կողմից, այսպիսի դիվանագիտական, ոչինչ չնշանակող պատասխան է տվել Զախարովան հարցին, թե ինչ աշխատանք է կատարվում Ղարաբաղը միջազգային ահաբեկչության կենտրոն չդարձնելու համար: Լրագրողը Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներակայացուցչի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքին, որ կան բազմաթիվ` Ղարաբաղի ադրբեջանական կողմին անցած շրջանները բնակեցվում են սիրիական ահաբեկիչներով ու նրանց ընտանիքների անդամներով, և որ կա մտավախություն, որ այդ շրջանները կարող են վերածվել միջազգային ահաբեկչական կենտրոնի։ Զախարովան այս հարցին ըստ էության չի պատասխանել, ինչպես նաև չի մեկնաբանել հայ լրագրողի տեղեկությունն այն մասին, որ հայ-թուրքական սահմանին, որը վերահսկում են ռուս սահմանապահները, Թուրքիան մեծ ուժեր է կուտակել։ Զախարովան ընդամենն ասել է, թե կհարցնի զինվորականներին և հաջորդ անգամ կպատասխանի այս հարցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG