Մատչելիության հղումներ

Խորհրդարանը մերժեց ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմադիրների նախաձեռնությունը


«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, հարցի հիմնական զեկուցող Գևորգ Գորգիսյանը, 26 նոյեմբերի, 2020թ.

Խորհրդարանն այսօր 36 կողմ, 56 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց ռազմական դրությունը վերացնելու մասին նախաձեռնությունը։ Նման օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին էր։

Սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության համար պայմաններ հանդիսացող իրավիճակը փոփոխվել է, բայց բոլոր սահմանափակումները դեռ շարունակում են մնալ, նիստի սկզբում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, հարցի հիմնական զեկուցող Գևորգ Գորգիսյանը, ով կարծում է, որ Հայաստանում ռազմական դրությամբ պայմանավորված որոշ սահմանափակումներ տնտեսապես բացասական հետևանքներ են ունենում:

«Իսկ այս սահմանափակումները վերաբերում են ժողովրդավարության հիմքերին` խոսքի ազատություն, մարդու ազատ տեղաշարժման իրավունք, հավաքների և գործադուլների ազատություն: Այս ամենը դեռ սահմանափակ է մնում, և դա ունենում է նաև բացասական հետևանք տնտեսական տեսանկյունից: Բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր երկքաղաքացի են` հանդիսանում են այլ երկրի և Հայաստանի քաղաքացիներ, այսօր չեն կարողանում դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից, որպեսզի կարողանան իրականացնել իրենց տնտեսական գործունեությունը, մեկնել արտագնա աշխատանքի և գումարներ ուղարկել Հայաստան, իսկ մենք հասկանում ենք, որ մենք կանգնած ենք լուրջ տնտեսական ճգնաժամի շեմին, եթե ոչ արդեն այդ ճգնաժամի մեջ ենք», - հայտարարեց Գորգիսյանը:

Իշխող ուժն ու կառավարության ներկայացուցիչներն առաջարկում են ռազմական դրությունը հանել աստիճանաբար` փուլային տարբերակով: Այս պահին շուրջ 520 կմ երկարությամբ սահմանի պահպանության, զինվորների պատշաճ հերթափոխ կազմակերպելու և մի շարք այլ խնդիրներ կան, և սրանք զինված ուժերի հիմնավորումներն են։

Արդեն իսկ պատրաստ են նախագծերի փաթեթներ, և երբ կառավարությունը հաստատի դրանք, այս բոլոր խնդիրները հնարավոր կլինեն լուծել առանց ռազմական դրության պայմանների, հայտարարեց Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը. «Այն տարբերակը, որ ներկայացված է քննարկման, անմիջապես ընդունելու և լրացուցիչ կարգավորումները միաժամանակ չընդունելու պարագայում խնդիրներ է առաջացնելու անվտանգային և պաշտպանական հարցերի վերաբերյալ»:

Խմբակցությունների անունից ելույթների ժամանակ Էդմոն Մարուքյանը հորդորեց պատգամավորներին կողմ քվեարկել և հանել ռազմական դրությունը. «Ասացիք` դուք ուզում եք էս ռազմական դրությունը հանել, չեք ասում, բայց թաքուն, չեք էլ հերքում, որ սկսեք անվստահության գործընթաց, դրա համար ե՞ք ուզում անեք, այսինքն` մեր սահմանադրական իրավունքները իրացնելու համար պիտի՞ ամաչենք կամ վախենա՞նք, էտ խի՞ եք սարսափում որ: Էնա հանեք, կսկսենք այդ պրոցեսը, բա ի՞նչ պիտի անենք, բա հո չենք թողալու երկիրը սենց»:

Ռուսաստանի կառավարությունը ամեն օր հայտարարություններ է տարածում, թե ինչ խնդիրներ են լուծում Արցախում։ «Այդ դեպքում դուք ինչի՞ համար եք», - դիմելով «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներին` հարցրեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը. «Ռուսաստանի գերատեսչությունները հայտարարություններ են տարածում, թե Արցախում ինչ խնդիրներ են ամենօրյա ռեժիմով լուծվում: Ո՞ւր են մեր գերատեսչությունների հայտարարությունները. այսքան փախստական վերադարձավ, ջեռուցումը միացվեց: Այսօր ՌԴ գերատեսչությունն է պրես ռելիզ տվել, որ Արցախում վերականգնվեց հանրային տրանսպորտը: Բա դուք ինչի՞ համար եք էս 88 հոգով աշխատավարձ ստանում, Կառավարությունն ինչի՞ համար է պետք, էնա մարդիկ զբաղվում են նորմալ էլի»:

ԲՀԿ խմբակցության անունից խոսեց Նաիրա Զոհրաբյանը և հենց ամբիոնի մոտ մի տեսանյութ միացրեց, որում ինչպես ասաց՝ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները կոտրում Ադրբեջանին փոխանցված Քարվաճառի դարպասները և մտնում Հայաստանի Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանք. «80 հոգով այսօր ազերի զինյալները կոտրել են կողպեքը, ազերիներն են, լսեք, կոտրել են կողպեքը, քիչ առաջ զանգեցին Սոթքի աշխատակիցներից ինձ, ասացին, որ մենք սարսափի մեջ այս պահին փորձում ենք իջեցնել տեխնիկան և փորձում ենք մարդկանց անվտանգ տեղափոխել: Մենք պիտի արձանագրենք, սիրելի հայրենակիցներ, որ մենք չունենք այսօր իշխանություն, Հայաստանում բացարձակ անիշխանություն է»:

Զոհրաբյանը վերահաստատեց` այո, իրենք ցանկանում են վերացնել ռազմական դրությունը նաև այն պատճառով, որ ցանկանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանում անվստահություն հայտնել, իսկ ռազմական դրության պարագայում օրենքը նման հնարավորություն չի տալիս. «Նիկոլ Փաշինյանն այլևս անցյալ է, Նիկոլ Փաշինյանն այլևս ուրվական է, ուրվական, որ էսպես ճանկռտելով կառչել է իր պաշտոնից»:

Ռազմական դրությունն անհրաժեշտություն է, այդ թվում` Սոթքում տիրող իրավիճակի պատճառով, իշխող խմբակցության անունից ելույթի ժամանակ հայտարարեց պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը. «Ռազմական դրության ռեժիմն այս պահին անհրաժեշտություն է` հատկապես Սոթքում տիրող իրավիճակը հաշվի առնելով»:

Նիստը պարբերաբար թեժանում էր ընդդիմադիրների և իշխանականներիր միջև լեզվակռիվների պատճառով։ Կրքերը առավել բորբոքվեցին, երբ իշխանական Համազասպ Դանիելյանը իր ելույթում անդրադարձավ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանին, թե նա ադրբեջանական մամուլի գերաստղ է դարձել. «Այդ նույն ադրբեջանական մամուլի գերաստղ ես», - նկատեց Դանիելյանը, որից հետո պատգամավորներին հանդարտեցնելու համար ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ստիպված էր ներս հրավիրել անվտանգության աշխատակիցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG