Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին «Լուսավոր Հայաստանի» նախագծին


Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը վերացնելու նախագծին, որը վաղվա արտահերթի օրակարգում ընգրկված միակ հարցն է։

Ընդդիմադիր «Լուսավոր Հյաաստան» խմբակցության հեղինակած նախագծին դեմ քվեարկեցին իշխանական բոլոր չորս պատգամավորները, կողմ էին ԼՀԿ-ի երկու և ԲՀԿ-ից նիստին ներկա մեկ պատգամավոր։

Դեմ քվեարկող պատգամավորների հիմնավորումն այն էր, որ ռազմական դրությունը հայտարարվեր էր Զինված ուժերի առաջարկով, ուստի հենց Կառավարության և Զինված ուժերի գնահատականի հիման վրա էլ պետք է հանվի։

Նիստին մասնակցում էր նաև ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ Ալբերտ Բաղդասարյանը։ Նա ասաց, որ իրենք ևս ցանկանում են վերացնել ռազմական դրությունը, սակայն դրան պետք է նախապատրաստվել։ Բաղդասարյանը նշեց, որ արդեն նախագիծ են ներկայացրել Կառավարություն, և միայն այդ նախագծի հաստատումից հետո առաջարկում են վերացնել ռազմական դրությունը։ Նախագիծը ենթադրում է ռազմական դրության մեղմացում, առանց ինչի ռազմական դրությունը հանելը, ըստ Բաղդասարյանի, որոշակի ռիսկեր է պարունակում, քանի որ Հայաստանի սահմանների պաշտպանության խնդիր կա։ Խոսքը մոտ 500 կիլոմետրի մասին է։

«Ռազմական դրության իրավական ռեժիմը հանելը շատ հեշտ է ու շատ կարևոր է այսօր մեր ժողովրդի համար։ Բայց եկեք նայենք մյուս կողմից։ Եթե մենք հանում ենք ռազմական դրությունը, ապա ինչպե՞ս է կազմակերպվելու ծառայությունը մեր սահմաններում։ Մենք արդյո՞ք կարող ենք այսօրվա դրությամբ կազմակերպել զորահավաքային զորակոչ և կազմակերպել պահպանությունը մեր սահմանների։ Մտածեք այդ ուղղությամբ։ Եթե կարող ենք, ապա մենք խնդիր չենք տեսնում ընդհանրապես»։

Գևորգ Գորգիսյանը («Լուսավոր Հայաստան») առաջարկեց, որ նիստը կայանա իրենց առաջարկած օրակարգով, և նիստի ժամանակ ընդունվի ռազմական դրությունը վերացնելու մասին որոշում, որը ուժի մեջ կմտնի ավելի ուշ, հստակեցված ժամանակահատվածում՝ մեկ համար շաբաթ կամ 10 օր անց, և այդ ժամանակահատվածում Կառավարությունը կհասցնի նախապատրաստել։ Սակայն այս առաջարկը ևս իշխանական պատգամավորները չընդունեցին։

Այնուամենայնիվ, չնայած բացասական եզրակացությանը, խորհրդարանի արտահերթ նիստը կայանալու է, սակայն պարզ չէ, թե կներկայանան արդյոք նիստին իշխանական պատգամավորները։ Եթե չներկայանան, ապա միայն ընդդիմադիր պատգամավորների թիվը բավարար չի լինի քվորում ապահովելու համար, և նիստը չի կայանա։

XS
SM
MD
LG