Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» դեռ որոշում չունի ռազմական դրությունը չեղարկել-չչեղարկելու հարցով


Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյան («Իմ քայլը»)

Հաջորդ հինգշաբթի խորհրդարանական ընդդիմության՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ կգումարվի արտահերթ նիստ՝ սեպտեմբերի 27-ից հայտարարաված ռազմական դրությունը վերացնելու օրակարգով։

Իշխանական «Իմ քայլից», որի դիրքորոշումից էլ կախված է ռազմական դրությունը կպահպանվի, թե կչեղարկվի, հայտարարում են, որ դեռևս որոշում չունեն։

Նույն՝ ռազմական դրությունը չեղարկելու հարցով կրկին արտահերթ գումարելու ընդդիմադիրների նախորդ փորձը իշխանությունը տապալեր էր՝ չմասնակցելով Ազգային ժողովի խորհրդի նիստին։

Եթե նախաձեռնողները 5-օրյա ժամկետից շուտ են ուզում արտահերթը գումարել, ԱԺ խորհրդի որոշում է պետք։ Նախորդ դեպքում ավելի արագ էին ուզում նիստն անցկացնել, այս անգամ այլ ճանապարհով գնացին՝ կանոնակարգով սահմանված 5-օրյա ժամկետը պահպանելով, որ խորհրդի որոշման կարիք այլևս չառաջանա։ Իսկ եթե անհրաժեշտ ընթացակարգերը պահպանված են, ԱԺ-ի ղեկավարին մնում է միայն նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում գումարել այդ նիստը։

Որպեսզի արտահերթում ռազմական դրությունը վերացնելու հարցը ընդհանրապես քննարկվի, պետք է 67 պատգամավորներ գան դահլիճ ու գրանցվեն։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին 41 ձայն ունեն։ Որոշման ընդունման համար ևս ընդդիմադիրներին իշխանության ձայներն են անհրաժեշտ։

Իշխանական «Իմ քայլից» ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ասաց, որ այս պահին որոշում չունեն․ - «Սա միայն քաղաքական որոշում չի, որպեսզի խորհրդարանը և մասնավորապես մեր խմբակցությունը կարողանա ինքնուրույն որոշում կայացնել։ Մեզ էլ են պետք բացատրություններ և հիմնավորումներ, թե ինչու է պետք պահպանել կամ ինչու արդեն ժամանակն է, որ չեղարկվի ռազմական դրությունը։ Եվ մենք ճիշտ որոշում կայացնելու համար կարիք ունենք ռազմաքաղաքական ղեկավարների կարծիքը լսելու այս հարցի վերաբերյալ։ Եթե այս ընթացքում քննարկումներ և հայտարարություններ լինեն, մենք ըստ այդմ կկողմնորոշվենք։ Եթե չէ, ապա կհամարենք, որ առայժմ փոփոխություններ անելու որևէ նախապայման չկա»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ասում է, որ իշխանության հետ չեն բանակցում, ապավինում են նրանց խելամտությանը։ Ռազմական դրության պայմաններում, ըստ նրա, տնտեսությունն է տուժում, ժողովրդավարությունը․ - «Գործարար շարժը կանգնած է, և տնտեսությունը լրջագույնս տուժում է այս իրավիճակում։ Տուժում է ժողովրդավարությունը, որովհետև ամեն մարդ, ով ուզում է իր բողոքի ձայնը ինչ-որ ձև բարձրացնել, կարողանում են ձերբակալել՝ անունը դնելով, որ ռազմական դրության ժամանակ արգելած է էդ ամենը»։

Գորգիսյանը կարծում է, որ «Իմ քայլը» չի գնում ռազմական դրությունը վերացնելու ճանապարհով, որպեսզի պահպանի իշխանությունը․ - «Այս վիճակով պահել երկիրը, տնտեսությունը տանել կործանման, սրան գումարած՝ պահպանել սահմանափակումները ժողովրդավարության տեսանկյունից, ազատ մամուլի, ազատ խոսքի տեսանկյունից, մարդկանց ազատ տեղաշարժման հնարավորությունների, ցույցերի ու հավաքների սահմանափակումներ․ այս ամենը ուղղակի այլևս որևէ նպատակի չի ծառայում, բացի նրանից, որ իշխանությունն իրեն կոմֆորտի մեջ զգա։ Իրենց պետք են սահմանափակումներ, որպեսզի կարողանան պահպանել իրենց իշխանությունը»։

Լենա Նազարյանն արձագանքում է․ - «Ինձ համար անհասկանալի է այդ քննադատությունը, որովհետև ես ասում եմ, որ որոշումը պայմանավորված է ռազմաքաղաքական ղեկավարների որոշումներից, որոնք պիտի հիմնավորված լինեն։ Իրենք մեզ փաստացի մեղադրում են նրանում, որ մենք ինչու մեր տեղում նստած էդ որոշումը չենք կայացնում։ Ես էլ ասում եմ, որ դա միայն քաղաքական որոշում չի, որ մենք քննարկենք և որոշենք»։

Երբ երկրում ռազմական դրություն է, վարչապետին անվստահություն հայտնելու հարց չի կարող քննարկվել: Խորհրդարանի ընդդիմադիրները՝ թե՛ «Լուսավոր Հայաստանը», թե «Բարգավաճ Հայաստանը» հայտնի հայտարարության ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում։

Եթե իշխանության հետ համաձայնության գան՝ չեղարկեն ռազմական դրությունը, տեսականորեն կարող են բարձրացնել վարչապետին անվստահություն հայտնելու հարց։ Բայց այստեղ ևս մեկ խոչընդոտ է առաջանում․ նման նախագիծ կարող են մի դեպքում ներկայացնել՝ եթե ընդդիմադիր խմբակցությունների 43 հոգանոց կազմին ևս երեք պատգամավորներ միանան ու նախածում նոր վարչապետի թեկնածուի անունը նշվի։

ԲՀԿ-ի ներկայացուցիչների հետ ողջ օրը կապ հաստատել չհաջողվեց։ ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանն ասաց, որ եթե արտակարգ դրությունը չեղարկվի, իրենց հաջորդ քայլը ոչ թե անվստահություն հայտնելու, այլ քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու վրա կենտրոնանալն է լինելու, որպեսզի լարվածությունը թուլանա․ - «Մենք պիտի հասնենք վարչապետի հեռացմանը, բայց դա պիտի անենք հնարավորինս անցնցում և անվտանգ Հայաստանի Հանրապետության համար։ Բայց դա հետագա քննարկելիք հարց է։ Հիմա պետք է մենք կենտրոնանանք ռազմական դրությունը հանելու վրա»։

Հարցին, թե ով է վարչապետի իրենց թեկնածուն, Գորգիսյանն արձագանքեց․ - «Դա պետք է քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում որոշվի, որովհետև դա պետք է լինի կոնսենսուսային թեկնածու, որը կկարողանա համախմբել պառակտված էս վիճակը և վերջ դնել էն քաղաքացիական լարվածությանը, որ հղի է ընդհարումների և բախումների վտանգով։ Դեռ որևէ քննարկում չենք արել»։

Իշխանական խմբակցությունում, ըստ Լենա Նազարյանի, Փաշինյանի հրաժարականի՝ այս օրերին հնչող պահանջներին չեն անդրադարձել․ - «Իմ անձնական կարծիքը կարող եմ ասել այդ հարցի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ղեկավարի, այս պարագայում գործոնը շատ ավելի կայունացնող է, քան ապակայունացնող։ Իսկ մեր երկրին այս պահին առավելապես պետք է կայունություն և անվտանգություն»։

XS
SM
MD
LG