Մատչելիության հղումներ

Գորգագործական ընկերության տնօրենը ցավով փաստում է, որ «ո՛չ գորգերը, ո՛չ շուշեցիները չկարողացան իրար պաշտպանել»


«Ոչինչ չհասցրեցինք հանել Շուշիից։ Ոչ ոք չէր պատկերացնում իրադարձությունների նման զարգացում։ Ամբողջ արցախահայությունը, ամբողջ հայությունը Շուշինի դիտարկել էր միշտ որպես Արցախի ամենաապահով վայրերից մեկը, անառիկ բերդաքաղաքը։ Ամենավատ երազում դա ոչ ոք չէր պատկերացնում Շուշիի անկումը։ Այնպես որ, ինչպես հազարավոր մարդիկ իրենց բնակարանները, իրենց ընկերությունները, ամեն ինչը մնաց Շուշիում», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ղարաբաղ Կարպետ» ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը։

Ընկերությունն արտադրամասեր ունի նաև Ստեփանակերտում և Ճարտարում։ Այս պահին աշխատանքն այդտեղ էլ կաթվածահար է եղել․ - «Պատերազմի ամենաթեժ օրերին նույնիսկ մտածում էինք Ճարտարի և Ստեփանակերտի արտադրամասերի գորգերի մնացորդը, հումքը, այն, ինչը որ թանկարժեք էր հնարավորության պայմաններում տեղափոխել Շուշի քաղաք, որպես ավելի անվտանգ վայր։ Բայց իրադարձությունների այս զարգացումը, որը անակնկալի բերեց ամբողջ հայությանը, իրոք ոչ ոք չէր սպասում»։

Երևանում վաճառքի դրված արցախյան գորգերը հատկապես այս օրերին պահանջարկ ունեն։ Խաչատրյանի խոսքով, սա մեծ օգնություն է արտադրամասին, որի 110 աշխատողները գործազուրկ մնացին, իսկ նրանցից 36-ը զրկվեցին տուն ու տեղից․ - «Այստեղ չեն գալիս միայն մարդիկ, ովքեր ի վիճակի են․․․ Օրինակ, մի քանի օր առաջ մի տատիկ եկավ և իր թոշակով փոքրիկ հուշագորգ վերցրեց»։

Ընկերության ապագան թեև անորոշ է, այդուհանդերձ Ստեփանակերտի և Ճարտարի հաստոցներին և դազգահներին չեն դիպչելու, քանի որ դրանց վրա դեռ անավարտ գորգեր կան․ - «Երևան ենք տեղափոխել միայն մեր պահեստի պատրաստի արտադրանքը։ Արտադրական պրոցեսը բավականին երկար է, և գործը պատրաստ է լինում ամիսների ընթացքում։ Այսինքն՝ Ստեփանակերտի և Շուշիի մեր արտադրամասերում տասնյակ դազգահներ, որոնց վրա կապած են գորգերը, կիսատ վիճակում են։ Հումքը, սարքավորումները, ամեն ինչը․․․ մենք նպատակ չունենք այս պահին Ստեփանակերտից որևէ բան տեղափոխելու»։

Գորգ գործելը, նրա խոսքով, դարեր շարունակ հայի, մասնավորապես արցախցու անբաժան զբաղմունքն է, և ամեն հայ ընտանիք ունեցել է գորգ, որը ոչ թե պարզապես կենցաղային իր էր, այլև պաշտպանվածության խորհրդանիշ։ Բայց այսօր, ցավով նկատում է Խաչատրյանը, ո՛չ գորգերը, ո՛չ շուշեցիները չկարողացան իրար պաշտպանել․ - «Միգուցե հետագայում ստեղծվեն ինչ-որ պայմաններ, չնայած քաջատեղյակ լինելով, ճանաչելով մեր թշնամիներին՝ ես վստահ եմ, որ այլևս Շուշիում ոչ մի բան չի մնացել։ Ավելի քան վստահ եմ, որ կողոպտել են, թալանել են, ավիրել են։ Մի խոսքով, այնտեղով ոչ միայն թուրքն է անցել, այլ թուրքն արդեն շուրջ տասը օր այնտեղ է։ Մենք տեսել են, թե ինչպես պղծում բարբարոսները Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, ինչ կատարվեց Վազգեն Սարգսյանի արձանի հետ, ինչ կատարվեց Կանաչ ժամի հետ․․․»

Սա միայն ֆինանսական կորուստ չէ․ կորցնում ենք մեր պատմությունը, մշակույթը։ Սևակ Խաչատրյանն ընդգծում է, որ Շուշիում անտեր են մնացել պետական հոգածության տակ գտնվող շատ ու շատ արժեքավոր իրեր․ - «Եթե այս ամենը դեռևս հնարավոր չէ փրկել, կարծում եմ, վաղ է խոսել որևէ մասնավոր ընկերության ունեցվածքի մասին։ Իհարկե, մենք «Ղարաբաղ Կարպետ» ընկերությունը չենք դիտարկում որպես զուտ մասնավոր ընկերություն, որովհետև այս մասնավոր ընկերությունը զբաղվում էր հայկական ավանդական, մշակութային ժառանգության պահպանմամբ և սերունդներին փոխանցմամբ։ Այս կորուստը չպետք է գնահատել զուտ ֆինանսական տեսանկյունից»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG