Մատչելիության հղումներ

Հայաստանում քննարկում են Արցախյան պատերազմում վարձկանների օգտագործման առնչությամբ իրավական գործընթացների համակարգման հարցերը


Գերեվարված սիրիացի վարձկաններից մեկի հարցաքննությունը
Գերեվարված սիրիացի վարձկաններից մեկի հարցաքննությունը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Արցախյան պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկանների և օտարերկրյա ահաբեկիչների օգտագործման առնչությամբ ներպետական և արտաքին իրավական գործընթացների ու ջանքերի համակարգմանը։

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ քննարկմանը մասնակցել են Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Կենտրոնական բանկի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները:

Քննարկվել են միջազգային իրավական փոխօգնության և արտաքին իրավական գործընթացների համակարգմանն առնչվող հարցեր։

Հանդիպման ավարտին նման ձևաչափով աշխատանքը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Արցախյան պատերազմի օրերին միջազգային մամուլը, արտասահմանյան երկրների ղեկավարներ, հատուկ ծառայություններ հաղորդում էին մարտական գործողություններին սիրիացի և լիբիացի վարձկան ահաբեկիչների մասնակցության մասին։

Հայկական կողմը հաղորդել է սիրիացի երկու վարձկանների գերեվարելու մասին, նրանք կալանավորված են, մեղադրանք է առաջադրվել։ Եվս երեք վարձկանների նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ շուրջ երկու տասնյակ վարձկանների վերաբերյալ պարզված տվյալները հայկական կողմը փոխանցել է միջազգային տարբեր կազմակերպություններին, գործընկեր երկրների հատուկ ծառայություններին՝ հավելյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև ցանկացած երկրի տարածքում նրանց հետագայում հայտնաբերելու դեպքում կալանավորելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

XS
SM
MD
LG