Մատչելիության հղումներ

Սիրիացի վարձկանները «դեռ Ադրբեջանում են»


Սիրիացի զինյալ, արխիվ

Մերձավոր Արևելքում գործող զինված խմբավորումների գործունեությունն ուսումնասիրող փորձագիտական շրջանակներում առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ՝ արդյոք Ղարաբաղյան պատերազմին մասնակցած սիրիացի զինյալները պատրաստվում են վերադառնալ հայրենիք, թե՞ առժամանակ մնալու են Հարավային Կովկասում։

Աշխարհի տարբեր երկրներում կռվող թուրքամետ սիրիացի վարձկանների մասին մի շարք հրապարակումների հեղինակ Էլիզաբեթ Ցուրկովը շաբաթ օրը Twitter-ի իր օգտահաշվում գրել է․ - «Պատերազմի ավարտի մասին համաձայնագրի ստորագրումից հետո «Սիրիական ազգային բանակի» վարձկանների մի քանի խմբեր արդեն իսկ Թուրքիայի տարածքով վերադարձվել են Սիրիա»։ Ցուրկովը պնդում է, որ առաջիկա օրերին վարձկանների ևս մի քանի խմբեր կվերադառնան Սիրիայի հյուսիս։

Այս խնդրով զբաղվող մեկ այլ հետաքննող լրագրողի՝ Լինդսի Սնելի խոսքով, սակայն, Ադրբեջանի իշխանությունները և նրանց թուրք դաշնակիցները առայժմ չեն շտապում հրաժարվել վարձկանների ծառայություններից։ Ավելին, ըստ Սնելի, սիրիացի վարձկանների թիվը Ադրբեջանում առաջիկայում կարող է նաև աճել։

«Սիրիական ազգային բանակին» մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ սիրիացի [վարձկանները] դեռ Ադրբեջանում են։ Բացի այդ, լուրեր են պտտվում նոր զինյալներ ուղարկելու հնարավորության մասին։ Այդ խոսակցությունների համաձայն՝ սիրիացիները Ադրբեջանում պետք է որոշ օբյեկտներ հսկեն, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում օժանդակեն թուրքական ռազմակայանների գործունեությանը», - գրում է Սնելը։

Վերջին օրերին արաբական որոշ լրատվամիջոցներում նույնիսկ տեղեկություններ էին շրջանառվում, որոնց համաձայն՝ Բաքուն և Անկարան իբր պատրաստվում են Ադրբեջան տեղափոխել այստեղ կռվող սիրիացի վարձկանների ընտանիքներին՝ նրանց հնարավորություն տալով մշտական բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններում։

Լինդսի Սնելի համոզմամբ, այդուհանդերձ, դա քիչ հավանական է՝ նախևառաջ վարձկաններին շրջապատող գաղտնիության քողի պատճառով։

«Սիրիացի վարձկաններին անգամ չեն թույլատրում առանց ուղեկցության լքել [տեղակայման վայրերը]: Նրանց մեծամասնությունը նույնիսկ սմարթֆոն չունի», - գրել է Սնելը։

Անցած շաբաթ, ի դեպ, Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը» ամփոփել է վարձկանների՝ Ղարաբաղյան պատերազմի մասնակցության ծավալները։ Կենտրոնի մասնագետները եզրակացրել են,որ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը շարունակված պատերազմին հայկական ուժերի դեմ ընդհանուր առմամբ 2 հազար 580 սիրիացի զինյալ է կռվել։ Նրանցից առնվազն 293-ը զոհվել են, ևս 342 վարձկան ինչ-ինչ պատճառներով վաղաժամ խզել է պայմանագիրը՝ պատերազմական գործողությունների կեսից վերադառնալով Սիրիա։

«Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի» տվյալներով, ի դեպ,արդեն ռազմական գործողությունների ավարտից հետո Սիրիա է հասցվել հայկական ուժերի հետ կռիվներում զոհված ևս 30 վարձկանի մարմին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG