Մատչելիության հղումներ

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրենը COVID-19-ի դինամիկայում դրական միտում է տեսնում


Անցած հանգստյան օրերեին Հայաստանում իրականացված կորոնավիրուսի 4741 թեստերից դրական է եկել 1870-ի պատասխանը՝ 39,44 տոկոսը։

Կորոնաթվերի նվազման դրական միտումը շարունակվում է. եթե շաբաթներ առաջ օրական հաստատված դեպքերը 2000-ից շատ էին, ապա նախորդ շաբաթ՝ ներառյալ աշխատանքային օրերին հայտնաբերված նոր դեպքերը 1500-ի սահմաններում են։ Հիվանդությունը հաղթահարածների թիվն էլ վերջին օրերին գրեթե հավասարվել է նոր դեպքերի քանակին, նախորդ շաբաթներին հակառակ պատկերն էր՝ նոր հայտնաբերվող դեպքերն ավելի շատ էին։

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն առողջացածների թվի ավելացումը դրական միտում չի համարում, քանի որ հիվանդանոցներում ծանր և ծայրահեղ ծանր հիվանդները շատ են: Առողջացածներն, ըստ Նիկողոսյանի, հիմնականում տանը բուժվածներն են, որոնք հիվանդությունը թեթև են տարել:

«Օրինակ՝ երեկվա դրությամբ մենք ունենք 1114 մարդ, որոնք ծանր վիճակում են գտնվում կամ ծայրահեղ ծանր վիճակում, ոմանք թոքային օդափոխման սարքին են միացված, նրանց թիվն էլ 75 է», - ասաց ԱՆ մամուլի խոսնակը:

Նախարարությունը հույս ունի, որ քաղաքացիներն ավելի զգոն կլինեն ու կպահպանեն հակահամաճարակային կանոնները. «Որպեսզի մենք կարողանանք իրավիճակը վերահսկել, գոնե այն մարդիկ, ովքեր ունենք բուժման կարիք, կարողանանք իրենց հոսպիտալացնել»:

Նիկողոսյանի փոխանցմամբ՝ նվազել է նաև հոսպիտալացման կարիք ունեցողների թիվը, եթե նախորդ օրերին սպասողների թիվը հասնում էր 500-600-ի, ապա այսօր այդպիսի 321 հիվանդ կա:

COVID-ի դինամիկայում դրական միտում է տեսնում համավարակի ընթացքում բազմաթիվ վարակակիրների ընդունած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։

«Վերջին 3-4 օրերի ընթացքում որոշակի դրական միտում է նկատվում, ճիշտ է տանն էլ դեպքերի թիվը էական դեռ նվազման միտում չի տալիս, բայց ընդհանուր թիվը զգացնել է տալիս, որ ունենք դրական միտում: Հոսպիտալացման կարիք ունեցողներն, իհարկե, անհամեմատ նվազում են, որովհետև եթե մի շաբաթ, 10 օր առաջ, իհարկե, մենք տեսնում էինք բավականին ծանր վիճակ՝ որ շատ մեծ թվով հիվանդներ կարիք ունենալով հոսպիտալացման, հնարավորություն չէ լինում հոսպիտալացնել, հիմա այդ տենդենցը նկատելի է, որ նվազում է», - նշեց Մանուկյանը:

Մասնագետի կարծիքով՝ կորոնաթվերի նվազման հնարավոր պատճառներից մեկը մարդկանց սոցիալական ակտիվության նվազումն է, մյուսն՝ իմունիտետը: Ըստ Մանուկյանի, հասարակության մի մասն արդեն վարակվել է COVID-ով ու իմունիտետ ձեռք բերել։

Մայրաքաղաքի փողոցներում օրեցօր պաշտպանիչ դիմակներ կրող ավելի մեծ թվով քաղաքացիների կարելի է հանդիպել, պատերազմի օրերին քչերն էին պահպանում հակահամաճարակային այդ կանոնը։ Այդ տենդենցը նաև քաղաքացիներն են նկատել, վստահեցնում են՝ հասկանում են, որ պետք է պաշտպանել և պաշտպանվել:

Մահաբեր վարակը մինչ օրս Հայաստանում 1976 մարդու կյանք է խլել ևս 503 վարակակիր էլ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով։

XS
SM
MD
LG