Մատչելիության հղումներ

Հետախուզվող սիրիացի վարձկանները միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամ են, հայտնում են հայ իրավապահները


Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյան, 7-ը նոյեմբերի, 2020թ.

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից կռվող ևս 3 սիրիացի վարձկանի է մեղադրանք առաջադրվել, նրանք հետախուզվում են։ Քննչական կոմիտեից հայտնում են՝ հայ իրավապահները փաստական տվյալներ ունեն թե՛ պատերազմում նրանց մասնակցության, թե՛ Ադրբեջան տեղափոխվելու վերաբերյալ։

«Սիրիայի Արաբական Հանրապետությունից նրանք ցամաքով տեղափոխվել են Թուրքիայի տարածք ու այնուհետև Թուրքիայի Հանրապետության օդանավակայաններից տեղափոխվել են արդեն ինքնաթիռով Ադրբեջանի Հանրապետություն և այնտեղից ներգրավվել են որպես վարձկաններ ռազմական գործողություններում», - հայտնեց Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

Ազգային անվտանգության ծառայությունն է տվյալները հավաքագրել: Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետն ասում է՝ ինչպես նախորդ՝ արդեն կալանավորված վարձկաններին, այնպես էլ վերջին 3-ին հանձնարարված է եղել ոչ ոքի կենդանի չթողնել, անգամ խաղաղ բնակիչներին. - «Նրանք թիրախավորել են ոչ միայն ռազմական օբյեկտները, ոչ միայն զինծառայողներին, կոմբատանտներին, ովքեր ռազմական գործողություններին մասնակցում են զինված, այլ նաև քաղաքացիական բնակչությանը, որոնք ընդհանրապես առնչություն չունեն և չեն միջամտում ռազմական գործողություններին, ուղղակի բնակվում են տարբեր բնակավայրերում»:

3 վարձկաններն, ըստ հայ իրավապահնների, նաև միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամ են, մասնավորապես Ազգային անվտանգության ծառայությանը հայտնի է դարձել, որ վարձկաններից Աբու Սթեֆ ալ-Հինդավին Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող, այսպես կոչված` Սիրիական ազատագրական բանակից է։ Նա ու մյուս երկու վարձկանները՝ Ահմադ ալ-Տայեբին և Աբու Դիաբ Հալաբին մեղադրյալ են ներգրավվել միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների և վարձկանության հոդվածներով։

«Վարույթն իրականացնող մարմինը նոյեմբերի 6-ին որոշում է կայացրել նրանց որպես մեղադրյալ ներգրավվելու վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ հնարավոր չի եղել նրանց ներկայացնել քննության։ Հստակ կոնկրետ գտնվելու վայրը պարզ չէ, անընդհատ նրանք տեղաշարժվում են: Երեկ միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից 3-ի մասով էլ բավարարվել է», - մանրամասնեց Ռաֆայել Վարդանյանը։

Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետը նշում է, որ 3 վարձկանի վերաբերյալ տեղեկություններն Ազգային անվտանգության ծառայությունը ձեռք է բերել առանձին օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում. - «Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների կողմից ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք իրականացվել են հենց Հայաստանի և Ադրբեջանի սահմանը հարող տեղանքում, բայց նաև համադրվել են արդեն իսկ մեր քրեական գործով քննությամբ կալանավորված երկու վարձկանների կողմից տրված տեղեկությունները»:

Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ անհերքելի տվյալներ ունեն ադրբեջանաթուրքական ֆինանսավորմամբ գործող «Ան-Նուսրա», «Սուլթան Մուրադ», «Հայաթ Թահրիր աշ-Շամ», «Հուրաս ադ-Դին» ահաբեկչական կազմակերպություններին հարող զինյալների՝ պատերազմին մասնակցելու նպատակով Ադրբեջան տեղափովելու վերաբերյալ։

ԱԱԾ-ն հաղորդում է, որ բացի 3 վարձկաններից, պարզաբանվել են ռազմական գործողություններին մասնակցող ավելի քան 20 վարձկանների տվյալներ ևս։ Գերատեսչությունն այդ անձանց վերաբերյալ տվյալները հայտնել է միջազգային տարբեր կազմակերպություններին, գործընկեր երկրների հատուկ ծառայություններին՝ հավելյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև ցանկացած երկրի տարածքում նրանց հետագայում հայտնաբերելու դեպքում կալանավորելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Վարձկանության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների և միջազգային ահաբեկչության համար Հայաստանում Սիրիայի արդեն երկու քաղաքացի է կալանավորվել։ Սիրիացի վարձկանները պատմել էին, որ հավաքագրվել են Սիրիայում, այնուհետ տեղափոխվել Թուրքիա, այնտեղից էլ Ադրբեջան՝ ամսական 2000 դոլարի համար, իսկ ամեն հայի համար նրանց 100 դոլար գլխագին էին խոստացել։

Թուրքիայի կողմից ղարաբաղյան համակարտության գոտում սիրիացի ահաբեկիչների ներգրավման մասին մի քանի երկրների առաջնորդներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ են բարձրաձայնել, առանձին կազմակերպություններ են փաստեր հրապարակել, միջազգային հեղինակավոր լրատվամիջներերն էլ հետաքննություններ են իրականացրել։ Այս ամենից հետո ադրբեջանական կողմը հայտատարում է՝ այդ փաստերն իրականությանը չեն համապատասխանում։








Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG