Մատչելիության հղումներ

Հիմա այն պահն է, երբ պետք է հասնել տևական խաղաղության հաստատման, շեշտում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը


ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ս. Գիլմոր, արխիվ
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ս. Գիլմոր, արխիվ

«Վերջնական կարգավորման ցանկացած տարբերակ պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված սկզբունքների վրա», - ասում է Ջեյմս Ս. Գիլմորը:

Միացյալ Նահանգներն անկեղծորեն ողջունեց բռնությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում, հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ջեյմս Ս. Գիլմորը:

Արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցին՝ տեղում տիրող իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ, ամերիկացի դիվանագետը շարունակել է. - «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք է բերված պայմանավորվածություն մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ, և կարևորում ենք այսօր ներկայացված հավելյալ տեղեկատվությունը՝ կապված այդ պայմանավորվածության փաստացի իրականացման հետ։ Մենք խրախուսում ենք, որ դուրս մնացած հարցերի լուծման ու հակամարտության տևական խաղաղ կարգավորման հասնելու նպատակով կողմերն աշխատեն Մինսկի խմբի համանախագահների հետ»։

«Երկարաժամկետ հեռանկարում որևէ ռազմական լուծում այս հակամարտությունը չի կարող ունենալ․ վերջնական կարգավորման ցանկացած տարբերակ պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված սկզբունքների վրա, որոնք նախատեսում են ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն և իրավահավասարության ու ինքնորոշման իրավունք ազգերի համար։ Սրանք են սկզբունքները, որոնք պետք է կիրառվեն այս հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար», - շեշտել է դեսպանը:

«Հիմա այն պահն է, երբ պետք է հասնել տևական խաղաղության հաստատման։ Վստահ ենք, որ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի գոտում տևական ու կայուն խաղաղության հասնելու հարցում կարող են օգնել կողմերին», - Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ հայտարարել է Ջեյմս Ս. Գիլմորը:

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG