Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 18-ին երեկոյան Մոսկվայում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Պոպովին, ամերիկացի Էնդրյու Շոֆերին, ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտիին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը:

Լավրովը, Պոպովը, Վիսկոնտին, Շոֆերն ու Կասպշիկն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրում Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջնորդական հետագա գործողությունների համակարգմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ իրեն է համարում ստեղծված իրավիճակի պատասխանատուն, նշել է, որ մտադիր չէ հրաժարական ներկայացնել և պատրաստ է աշխատել հանուն ներկայիս իրավիճակի հաղթահարման:

Վարչապետը հրապարակել է անհրաժեշտ գործողությունների «ճանապարհային քարտեզը», որի առաջին կետում Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնումն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Առաջնահերթությունն է Արցախի կարգավիճակն ու արցախցիների վերադարձն իրենց բնակության վայրեր:

Առաջիկայում կայանալիք բանակցություներում պաշտոնական Երևանի պատվիրակը կլինի նորանշանակ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, ով փոխարինել է նոյեմբերի 16-ին պաշտոնից ազատված Զոհրաբ Մնացականյանին:

Մնացականյանը նոյեմբերի 12-ին հրադադարի համաձայնեցումը քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նույն օրը նա զրուցել է ռուսաստանցի և ֆրամնսիացի պաշտոնակիցներ Սերգեյ Լավրովի, Ժան-Իվ Լը Դրիանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության կարևորության մասին են արտահայտվել միջազգային բոլոր հեղինակավոր հաստատությունները: Մասնավորապես, Մնացականյանը նոյեմբերի 9-ի համաձայնության հարցը քննարկել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, ով վերահաստատել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Նոյեմբերի 14-ին Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին է տեղեկացրել նոյեմբերի 10-ից հրադադար հաստատելու և հակամարտության գոտում ռուսաստանցի խաղաղապահներ տեղակայելու մասին: ՄԱԿ-ի ղեկավարը ողջունել է հրադադարը և իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Մինսկի խմբի երեք անդամներից երկուսը՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, հայտարարել են, որ Ռուսաստանից հստակություն են ակնկալում Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանների վերաբերյալ: Հարցը Փարիզում քննարկել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը: Տեղի է ունեցել Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանյուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:

Նոյեմբերի 17-ին ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոն նույնպես հայտարարել է, որ հարկ է շուտափույթ կերպով վերսկսել մինսկյան գործընթացը:

«Կարգավորման հիմքում պետք է լինեն Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթները՝ ուժ կիրառելու կամ դրանով սպառնալու բացառում, տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում և մարդկանց իրավահավասարություն», - հայտարարել է Փոմփեոն։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հանդիպումները տեղի են ունեցել հոկտեմբերի 24-ին Վաշինգտոնում, ապա հոկտեմբերի 30-ին Ժնևում:

Հակամարտող կողմերը երեք անգամ՝ նախ Ռուսաստանի, ապա Ֆրանսիայի և վերջապես ԱՄՆ-ի միջնորդությամբ փորձել են հրադադար կնքել, սակայն բոլոր պայմանավորվածությունները ձախողվել են:

Առայժմ արդյունավետ է միայն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նոյեմբերի 9-ին առաջարկած ծրագիրը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG