Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ողջունում է հրադադարի հաստատումը՝ շեշտելով Մինսկի խմբի դերը Արցախում խաղաղության հաստատման գործում


ԵԱՀԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջեյմս Գիլմոր երրորդը, արխիվ

Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ողջունում է հրադադարի հաստատումը, հայտարարել է ԵԱՀԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջեյմս Գիլմոր երրորդը, և իր հայտարարության մեջ միաժամանակ շեշտել Մինսկի խմբի դերը Արցախում կայուն ու հարատև խաղաղության հաստատման գործում:

Հայտարարության մեջ դեսպանն անդրադառնում է նաև տեղում հումանիտար վիճակին՝ այն համարելով խիստ մտահոգիչ բոլորի համար, հիշեցնում է հոկտեմբերի 10-ից ի վեր սգորագրված բոլոր համաձայնագրերի կարևորությունը և կոչ անում կողմերին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել բախումների վերսկսմանը: Դեսպան Ջեյմս Գիլմորը նաև Արտաքին ուժերին է հորդորում խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են նոր բախումներ հրահրել կամ առավել սրել տարածաշրջանային լարվածությունները:

Երեկ նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ, Զրուցակիցները ևս ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության շարունակականության ապահովման կարևորությունը՝ որպես միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ: ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը ավելի վաղ շեշտել է նաև Ֆրանսիան, իսկ երեկ այդ երկրի նախագահ Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վերահաստատել է բոլոր կողմերի համար արդար, կայուն և ընդունելի քաղաքական լուծում կառուցելու իր պատրաստակամությունը։

Ռուսաստանի կողմից պարտադրված զինադադարի «զոհը», ըստ քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի, ղարաբաղյան կարգավորման միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խումբն էր։

«Մինսկի խումբը այժմ ավելի քան երբևէ խոցելի է և թույլ, քանի որ սա ռուսական դիվանագիտական միակողմանի նախաձեռնություն էր, այնուամենայնիվ, մենք այժմ տեսնում ենք, որ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները փորձում են հասնել իրավիճակի հետևից և վերանվաճել կորցրած կարևորությունը։ Ամեն դեպքում Հայաստանի տեսակետից և Արցախի ապագայի տեսակետից կարգավիճակի հարցը, որին անդրադարձ չկա եռակողմ համաձայնագրում, այժմ Մինսկի խմբի առաջնային հարցերից է», - նշեց քաղաքական վերլուծաբանը:

Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է՝ այժմ նոր՝ արդեն դիվանագիտական մի ճակատամարտ է սկսվում, որտեղ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ Թուրքիան միջազգային պատասխանատվության կանչվի իր ագրեսիայի համար և չշահի դրանից։

Եռակողմ այս համաձայնագիրն, ըստ Կիրակոսյանի, ավելի շատ հարցեր է թողել, քան պատասխաններ տվել՝ թե ինչ է լինելու հետո, ուստի Հայաստանը պետք է հենց կարգավիճակի հարցն առաջ տանի։

«Արցախի ապագայի համար անհրաժեշտ է պնդել, որ Արցախի ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչները մասնակցեն խաղաղ գործընթացին», - ընդգծեց վերլուծաբանը:

Բացի այդ, Կիրակոսյանի խոսքով, ռազմավարական առումով Հայաստանի համար առաջնահերթություն պետք է լինի Արցախի այն հատվածը, որ մնացել է ռազմական ագրեսիայից հետո, միավորել Հայաստանի հետ։ Արցախի անկախ կարգավիճակը պաշտպանելն ավելի դժվար կլինի։

Իսկ արդյոք եռակողմ այս հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ առնվազն առաջիկա 5 տարիների ընթացքում, երբ տեղակայված կլինեն ռուս խաղաղապահները, ռազմական գործողությունները չեն վերսկսվի։ Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է՝ ռուսական պլանը, որ ընդունել ենք ստիպված, քանի որ այլ ելք չկար, հակամարտությունը չի լուծում, այլ կողմերին կանգնեցնում է իրենց տեղերում։

«Իմ մտահոգությունն այն է, որ այդ 5 տարուց շատ ավելի շուտ, չափազանց ինքնավստահ Ադրբեջանը, գայթակղություն կունենա փոխել ժողովրդագրական պատկերը այն հատվածում, որ մնացել է Լեռնային Ղարաբաղից: Դժբախտաբար, սպասելի է, որ Ադրբեջանը կփորձի Ղարաբաղի հայերի վրա ճնշում գործադրել, որ հեռանան, և սա մեծ մտահոգություն է, քանի որ Ղարաբաղի անվտանգությունն ու ապագան կախված են ռուս խաղաղապահներից, որոնք թվով քիչ են և թեթև զինված», - ասաց նա:

Չնայած Ռուսաստանի և Թուրքիայի միջև նկատվող համաձայնությանն ու համագործակցությանը, այն, ինչ մենք այժմ տեսնում ենք, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, ավելի շուտ Ռուսաստանի աշխարհաքաղաքական հաղթանակն է, Թուրքիան այսօր գոհ չէ, քանի որ այն չստացավ այն, ինչ ուզում էր։

«Այլ խոսքերով՝ նրան ավելի մեծ դերակատարություն էր խոստացվել՝ Ղարաբաղում խաղաղապահների տեսքով, սակայն հստակեցրեց՝ Թուրքիայի դերակատարությունը լինելու է խորհրդանշական, շատ ավելի փոքր, քան Թուրքիան ցանկանում էր։ Երկրորդ՝ հավանականությունը շատ փոքր է, որ Թուրքիան կարող է մտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ, և սա Թուրքիայի երկրորդ պարտությունն է, ի հակառակ Ադրբեջանին ցուցաբերած աննախադեպ ռազմական աջակցության։ Բացի այդ այս վիճակը կհանգեցնի Թուրքիայի էլ ավելի մեկուսացմանը միջազգային հանրությունից և հատկապես Միացյալ Նահանգներում եկող նոր նախագահի աշխատակազմից», - նշեց քաղաքական վերլուծաբանը:

Արդյոք այս վիճակը չի հանգեցնի նրանք, որ Թուրքիան դարձյալ ռազմական ագրեսիա կձեռնարկի առաջիկայում, Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ ոչ Հարավային Կովկասում։ Կարելի է սպասել Թուրքիայի ագրեսիայի շարունակություն Միջերկրական ծովում, Սիրիայում, Լիբիայում, սակայն Թուրքիան չի կարող բախվել Ռուսաստանի հետ, քանի որ ամեն դեպքում այս տարածաշրջանը Ռուսաստանի հետնաբակն է, ոչ թե Թուրքիայի։

Արդյոք կբացվեն ճանապարհները, Ռիչարդ Կիրակոսյանն ասում է՝ այս հայտարարությունից հետո Թուրքիան պատճառ չունի սահմանը փակ պահելու, հնարավոր է թուրք-ռուսական բանակցություններ սկսվեն վերաբացելու սահմանը Թուրքիայի և Եվրասիական տնտեսական միության միջեւ, որի անդամ է Հայաստանը։

XS
SM
MD
LG