Մատչելիության հղումներ

Ալիևն անընդունելի է համարում Ղարաբաղին որևէ հատուկ կարգավիճակ շնորհելը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի համար անընդունելի է Ղարաբաղին հատուկ կարգավիճակ շնորհելը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆիզուլիի շրջանում, ուր այցելել է մարտական գործողությունների ավարտից հետո։

«Ոչ մի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող։ Կա միասնական Ադրբեջան՝ բազմազգ ու բազմակրոն։ Ադրբեջանի տարբեր ազգությունների ու հավատի բոլոր քաղաքացիներն ապրում են խաղաղության մեջ և հայերը նույնպես կապրեն այդ պայմաններում», - ասել է նա։

Ալիևը տեղեկացրել է, որ ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական կարգավորման փուլ է մտել՝ նշելով, որ Ադրբեջանը հարցը լուծել է ռազմական ճանապարհով։

«Ինչպես նախկինում հայտարարել էի, այս հակամարտության կարգավորման ռազմաքաղաքական ճանապարհ կա, և Ադրբեջանը դա ցույց տվեց մարտի դաշտում», - ասել է նա։

Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում սկսված լայնածավալ պատերազմում կրակը դադարեցվել է նոյեմբերի 10-ից՝ Ռուսաստանի, Ադրբեջանի,Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության արդյունքում։ Հակամարտության գոտում տեղակայվել են Ռուսաստանի խաղաղապահներ։ Հայտարարությունում, սակայն, Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ որևէ բան նշված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG