Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի Ազգային ժողովի խմբակցությունների հետ:
Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քննարկել են ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը և եռակողմ հայտարարության դրույթները:
Արցախի նախագահը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ նաև ինքն է դիմել Հայաստանի վարչապետին՝ ջանքեր գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու համար:
Այդ որոշումը, Հարությունյանի պնդմամբ, կայացվել է՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը, քանի որ զինված ուժերի հրամանատարությունը պնդել է դրա անհրաժեշտությունը:
«Մենք ունեցել ենք որոշակի լուրջ խնդիրներ, որոնց պայմաններում պատերազմի շարունակումը հանգեցնելու էր ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստների, որոնց թվում՝ Ստեփանակերտի անկմանը, այլ քաղաքների, գյուղերի ու հազարավոր զինծառայողների շրջափակմանը», - ասել է Արցախի նախագահը։
Ավելի քան 40 օր ձգված պատերազմական գործողություններից հետո Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն ստորագրեցին։