Մատչելիության հղումներ

«Ռուսաց կայսրության դանդաղ, ցավոտ վախճանը Հարավային Կովկասում»


Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը

«Ռուսաստանին խնդրում են մի կողմ քաշվել»

«Բիզնես Օնլայն» վերլուծական կայքի կազմակերպած քննարկման մասնակիցներից Կազանի դաշնային համալսարանի քաղաքագիտության բաժնի աշխատակից, պրոֆեսոր Սերգեյ Սերգևի համոզմամբ, խաղաղապահի առաքելությունը Ռուսաստանին թույլ է տալիս ներկայանալ որպես Անդրկովկասում կարևոր դերակատար, այնուամենայնիվ Ռուսաստանին սկսում են եթե ոչ դուրս մղել, ապա առնվազն խնդրել՝ «մի քիչ կողմ քաշվել»: Խոսքը Թուրրքիայի մասին է:

Եթե Ռուսաստանի գերակայությունն այդ տարաշաշրջանում ավարտվի, չի բացառվում, որ Հարավային Կովկասը նորից կդառնա ռազմադաշտ, որտեղ բոլորը կռվում են բոլորի դեմ, ինչպես 18-րդ դարում է եղել:

«Ռուսաստանը սեփական դաշտում հարձակումների է ենթարկվում»

«Արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև ռուսների միջամտությամբ կնքված հրադադարը Մոսկվայի համար հաղթանակ է»: Պատասխանելով այս հարցին` Պաշտպանության և անվտանգության հետազոտությունների բրիտանական արքայական ինստիտուտի վերլուծաբան, պրոֆեսոր Մարկ Գալեոտին նշում է, որ Ադրբեջանը հաղթանակ է տոնում, սակայն այն ապահովել է ոչ թե Ռուսաստանը, այլ Թուրքիան:

Հենց այդ օրը Հայաստանի օդային տարածքում ադրբեջանցիները Նախիջևանից ռուսական մարտական ուղղաթիռ են խոցել, և այդ ողբերգական զուգադիպությունը, կարծես, խորհրդանշում է Ռուսաստանի տկարացումը: Կրեմլը մշտապես դիտել է Հարավային Կովկասը որպես իր ազդեցության գոտի «մերձավոր արտասահմանում»:

Ռուսաստանն այստեղ, իհարկե, կայսրության իրավունքով չէր, բայց հավակնում էր ճանաչվել գոնե որպես տարածաշրջանային տերություն: Սակայն վեց շաբաթ տևած պատերազմը հսկելու անկարողությունը և ցանկության պակասը, հատկապես եթե հաշվի առնել, որ Հայաստանը Ռուսաստանի առաջնորդած ՀԱՊԿ անդամ է, վկայում է այն մասին, որ Ռուսաստանը սեփական դաշտում է հարձակումների ենթարկվում:

Ռուսաստանի համեստ արձագանքը մարտական ուղղաթիռի ոչնչացմանը վկայում է այն մասին, որ առնվազն տեսանելի ժամանակահատվածում Մոսկվան չի ունենա անհրաժեշտ կամք՝ տարածաշրջանում կայսերական հավակնություններ դրսևորելու համար:

Մարկ Գալեոտիի կարծիքով, «այս ամենը Հարավային Կովկասում Ռուսաց կայսրության դանդաղ և ցավոտ վախճանի մասին է խոսում»:

Իլհամ Ալիևը, մեկնաբանելով երեկվա համաձայնագիրը, հարգալից և զուսպ դիմելաձևով է խոսել Ռուսաստանի ղեկավար Պուտինի հետ, մինչդեռ, հիշատակելով Թուրքիայի ղեկավարին, նա ընդգծել է. «Իմ սիրելի եղբայր Ռեջեփ Էրդողանը»: Եվ այդ առաջին հայացքից ոչ էական մանրուքն էլ է վկայում տարածաշրջանում ուժերի հարաբերակցության մասին:

Նոր իրողություն և մեծ պատերազմի վտանգ

«Ռեալիստ» լրատվական-վերլուծական կայքի փորձագետ Անդրեյ Պերլան չի բացառում «մեծ պատերազմի» վտանգը: «Պատրանքներից հրաժարվեք, այն, ինչ եղավ գիշերը, Ռուսաստանի հաղթանակը չէ, այլ մի նոր իրողություն, որն անխուսափելի է դարձնում ավելի մեծ պատերազմը, միայն պարզ չէ, թե երբ:

Դեռ մեկ ամիս առաջ ռուս զինվորի գալուստը կողմերից մեկը միայն կօրհներ, իսկ հիմա թքելու են վրաները և երկու կողմից էլ անիծելու են, թուրքերն ուրախությունից ձեռքերն են շփում»,- փոխանցում է փորձագետը:

Հայաստանում պարտությունը կկապեն ոչ միայն իշխանության, այլև Ռուսաստանի հետ

Ռուսաստանցի մեկ ուրիշ վերլուծաբան՝ Կոնստանտին Կալաչևը, նշում է, որ այդ հրադադարի համաձայնագրով շատ է աճում Թուրքիայի դերը: Պարզվել է, որ Թուրքիան Ռուսաստանից առաջ է անցել ԱԹՍ-ների արտադրման հարցում:

Հայաստանում ռազմական պարտությունը շատերը կկապեն ոչ միայն սեփական իշխանության, այլև Ռուսաստանի հետ: Հայրենասեր ռուսաստանցիների մի մասը շատ ցավագին է ընդունում այդ իրողությունը:

«Պարզվեց, որ մենք չունենք հակառակորդին զսպելու այնպիսի զենք, որը դեռ մեկ ամիս առաջ կտայինք հայերին և կկանգնեցնեինք այս կոնֆլիկտը»,- նշում է Կալաչևը:

XS
SM
MD
LG