Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի ամենաակտիվ ու դաժան հրթիռակոծությունը երեկ էր, նշում է ԱԻՊԾ ներկայացուցիչը


Ստեփանակերտն այս պահին 80 տոկոսով մաքրված է արկերից, ականներից: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության բաժնի սպա Հունան Թադևոսյանի տեղեկացմամբ՝ քաղաքը «Սմերչի» հարվածներ է ստացել նաև կեսգիշերն անց՝ վերջինը 1.20 րոպեին:

«Ունեցանք նաև հրդեհ, ունեցանք նաև շենքերի փլուզում, մի խոսքով` շատ դաժան պատերազմ է այս պատերազմը, անգամ չորրորդ և վերջին գուցե, չգիտեմ, հրադադարի ժամանակ անգամ նրանք խախտեցին», - ասաց Թադևոսյանը:

Պատերազմի բոլոր օրերին Ստեփանակերտը ադրբեջանական կողմի թիրախում էր, սակայն Հունան Թադևոսյանի խոսքով` ամենաակտիվ ու դաժան հրթիռակոծությունը երեկ էր, հարվածները թիրախավորված ուղղվում էին հացի արտադրամասերին, ջրի, գազի, էներգամատակարարման համակարգերին. «Փորձում էին ամեն ինչ անել, որխեսզի թիկունքը հնարավորինս ավելի թուլացնեն, և Ստեփանակերտում վնասները շատ-շատ են: Արտակարգ և ուժեղացված ռեժիմով շարունակում է աշխատել Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, և շարունակում ենք միաժամանակ հրդեհաշիջման աշխատանքներ կատարել, սակրավորական խմբերը հասցնում են նաև չպայթած ռումբերը, արկերը Ստեփանակերտից հավաքել և վնասազերծել»:

Ծառայությունն ամենաթեժ օրերին էլ 24-ժամյա ռեժիմով է աշխատել, 4 փրկարար է զոհվել, 14-ը վիրավորվել են ծառայողական պարտականությունները կատարելիս: Հունան Թադևոսյանի տեղեկացմամբ՝ այսօր ճիշտ է՝ քաղաքի այսպես ասած երևացող հատվածները մաքրված են չպայթաց զենքներից, բայց անբնակ առանձնատների ու դրանց տնամերձերի տարածքներում ականներ կան: Պատերազմի քաղաքի ապաստարանում էլ բնակիչներ կան, Թադևոսյանն ասում է՝ 911 հեռախոսահամարով ստացվող ահազանգերի զգալի մասը հենց նրանցից են ստանում. «Հիմնականում ապաստարաններիզ զանգահարում են մեր քաղաքացիները. բնակչությունը, և սնունդը պետք է ապահովենք նրանց, նաև պարենային մթերք, դեղորայք են հասցնում, և այս ամենը 24-ժամյա ռեժիմով»:

Այսօր Արցախում ջերմ, մինչև +21 աստիճան ջերմաստիճան է եղել: Հունան Թադևոսյանի փոխանցմամբ՝ քաղաք վերադարձողներ կան, բայց սիրտ չկա. «Ստեփանակերտում այս պահին արևոտ եղանակ է, մարդիկ դուրս են եկել ապաստարաններից, բայց սիրտ չկա, տրամադրություն չկա»:

XS
SM
MD
LG