Մատչելիության հղումներ

Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, որ կարողացել են դադարեցնել ղարաբաղյան պատերազմը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, 10 նոյեմբերի, 2020թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, 10 նոյեմբերի, 2020թ.

Ռուսաստանի իշխանությունները բոլոր հարթակներից հայտարարում են, որ կարողացել են դադարեցնել ղարաբաղյան պատերազմը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ (ШОС) երկրների ղեկավարների հանդիպմանն ունեցած իր ելույթում հույս է հայտնել, որ Ղարաբաղում երկարատև խաղաղություն կհաստատվի, և որ այն, ինչ կատարվում էր Ղարաբաղում, մեծ ողբերգություն էր։

«Մեծ բավականությամբ ցանկանում եմ նշել նախանշված փոխզիջումներով ու ձեռք բերված համաձայնություններով արյունահեղությունը դադարեցնելու մասին։ Հուսով եմ` վերջին շրջանում մեր ձեռնարկած բոլոր քայլերը կհանգեցնեն երկարատև խաղաղության հաստատմանը՝ ի բարօրություն Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների», - այսօր հայատարարել է Պուտինը:

«Այս պահին մենք շարունակում ենք ելնել միջազգային իրավունքի բոլոր համապատասխան հիմնական ակտերից։ Առաջին հերթին խոսքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի և այլ փաստաթղթերի մասին է», - այս պատասխանն է տվել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին։

Դմիտրի Պեսկովը նաև հավելել է, որ Կրեմլը երեկ գիշերը ստորագրված հայտարարությունը համարում է երկու երկրների ժողովուրդների հաղթանակը` և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, որովհետև կանգ է առել պատերազմը։ «Որպեսզի պատերազմը կանգ առնի, և որպեսզի դա վերահսկվի և ապահովագրվի, այնտեղ այժմ մտնում են ռուս խաղաղապահները, նրանք կապահովեն ռազմական գործողությունների շարունակական բացակայությունը», - ասել է այսօր Պեսկովը:

Կրեմլը այսօր հրապարակել է հայտարարության տեքստը։ Արտգործնախարարության պաշտոնական ներակայացուիցչ Մարիա Զախարովան այսօր «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում որոշ մանրամասներ է հայտնել, մասնավորապես շեշտել է, որ հայտարարությունում հստակ նշված է, որ խոսքը միայն ռուսական խաղաղապահների մասին է. - «Շատ կարևոր մի բան, որի վրա ես կուզեի ուշադրություն դարձնել: Խոսքը ռուսական խաղաղապահ ուժերի մասին է, բացառապես ռուսական խաղաղապահների մասին, որոնք տեղակայվելու են Լեռնային Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով»։

Ընդ որում, թե՛ Ռուսատսանի նախագահն իր հատուկ ուղերձում, թե՛ այսօր Մարիա Զախարովան, ըստ էության, շեշտում են, որ հիմնականը ռուսական կողմի համար այս հայտարարությունում ռուսական խաղաղապահների մասին կետն է։

Հավելենք, Անկարան խոսում է այն մասին, որ խոսքը ոչ թե ռուս խաղաղապահների մասին է, այլ ռուս-թուրքական, Մոսկվան էլ սա փաստորեն հերքում է։ Ամեն դեպքում ռուս խաղաղապահներն արդեն Հայաստանում և Ղարաբաղում են։

XS
SM
MD
LG