Մատչելիության հղումներ

Լավրովը շեշտել է` առանց վերահսկող մեխանիզմների հրադադարի հնարավոր չէ հասնել


Մոսկվան հերթական անգամ կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին և նրանց արտաքին գործընկերներին անշեղորեն հարգել կրակի դադարեցման վերահսկողական մեխանիզմների ստեղծման և կոնկրետ ժամանակացույցով բովանդակային բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ պայմանավորվածությունները: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի` կորոնավիրուսի համաճարակի պատճառով ինքնամեկուսացած արտգործնախարարը «Կոմերսանտին» տված գրավոր հարցազրույցում:

Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ չնայած դեռ չի հաջողվել հասնել հրադադարի, Մոսկվան շարունակում է ամեն ինչ անել Բաքվին և Երևանին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար` սրա հետ մեկտեղ շեշտելով, որ առանց վերահսկող մեխանիզմների հրադադարին հնարավոր չէ հասնել: Լավրովի խոսքով` կան վերահսկողության տարբեր միջոցներ` էլեկտրոնային, օրինակ, Երևանի և Բաքվի միջև թեժ գիծ, ԵԱՀԿ հովանո ներքո դիտորդների գործարկում, ռազմական կոնտինգենտի մասնակցությամբ գործողությունների անցկացման տարբերակ: Առայժմ սակայն, նրա խոսքով, համաձայնության գալ բոլոր պարամետրերի շուրջ չի հաջողվել:

Հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարարն անդրադարձել է նաև ահաբեկիչների թեմային` ընդգծելով, որ Ղարաբաղում կռվող վարձկան-ահաբեկիչների թիվը հասնում է 2000-ի, հավելել, որ այս հարցը ՌԴ ղեկավարությունը պարբերաբար բարձրաձայնում է: Այդ թվում բարձրաձայնվել է խնդիրը Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի ժամանակ` հոկտեմբերի 27-ին:

Սրա հետ մեկտեղ որպես կարմիր թել այս հարցազրույցում ասվում է այն միտքը, որ Ռուսաստանը չի պատրաստվում խաղաղություն պարտադրել կողմերից և ոչ մեկին, փոխարենը փորձում է համոզել նրանց դադարեցնել ռազմական գործողությունները. - «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի և Հայաստանի հետ Ռուսաստանին կապում են ընդհանուր պատմությունը, մշակույթը, առաջադեմ հումանիտար և տնտեսական կապերը, հարկադրանքի դրսևորումը մեր կողմից առավել քան անտեղի է»:

Լավրովը ևս մեկ անգամ ընդգծել է հարցազրույցում, որ Ռուսաստանը դեմ է, որ փոխվի հակամարտության միջնորդների ձևաչափը, խոսքը Մինսկի խմբի համանախագահների մասին է, սակայն կարևորելով Թուրքիայի դերն ու ազդեցությունն Ադրբեջանի վրա` Մոսկվան աշխատում և շարունակելու է աշխատելու նաև Թուրքիայի հետ հակամարտող կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու ուղղությամբ. - «Մենք կշարունակենք օգտագործել տարածաշրջանում մեր ունեցած ամբողջ ազդեցությունը, կաշխատենք թուրք գործընկերների հետ, որպեսզի դադարեցնենք ռազմական սցենարի հետագա շահարկումը»:

ՌԴ արտգործնախարարը շեշտում է, որ Ղարաբաղում ընթացող պատերազմը ողբերգություն է, և Մոսկվան համոզված է, որ այն կարելի էր կանխել, և քաղաքական ճանապարհով լուծել ղարաբաղյան խնդիրը: Նրա խոսքով` Մոսկվայի հիմնական նպատակն է որպես միջնորդի` օգնել Հայաստանին և Ադրբեջանին դուրս գալ թեժ փուլից և գտնել կարգավորման խաղաղ միջոց: Լավրովը հավաստիացնում է, որ Մոսկվան աշխատում է բոլոր մակարդակներում, և որ նախագահ Պուտինը գրեթե ամենօրյա ռեժիմով միջնորդական ջանքեր է գործադրում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար, և որ Մոսկվան հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի կողմերն, այդուամենայնիվ, վերադառնան հոկտեմբերի 10-ին կնքած հումանիտար հրադադարին: Ի դեպ, հարցազրույցի առաջին հարցը հնչում է այսպես. «Արդյոք Ռուսաստանն իրավունք ունի՞ ցուցադրել իր տարածաշրջանում հարցեր կարգավորելու անկարողություն»:

Այսօր ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ դեռևս շուտ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին: Նրա խոսքով՝ այս պահին բանակցություններն ընթանում են փորձագիտական մակարդակով, նախևառաջ Մինսկի խմբի շրջանակներում։

Մոսկվան, ըստ Ռուդենկոյի, ընդհանրապես նախընտրում է չշահարկել Ղարաբաղի կարգավորման հարցը։

«Առայժմ կան միանգամայն որոշակի մշակումներ (Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ), որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Ներկայումս խոսակցությունը հենց այդ մասին է», - լրագրողներին այսօր հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Մոսկվան ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման կողմնակիցն է։

«Մենք միանշանակ ելնում ենք նրանից, որ այդ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ, լուծումը պետք է լինի քաղաքական, համապարփակ լուծում, որում ներառված կլինեն բոլոր կողմերի շահերը», - ասել է Ռուդենկոն:

Հիշեցնենք՝ երեկ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը նոյեմբերի 1-ին քննարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ նոյեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ միայն սա էր նշված, այլ մանրամասներ այդ հեռախոսազրույցներից հայտնի չեն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG