Մատչելիության հղումներ

«Միասին պաշտպանելու ենք մեր բաց հասարակությունները», Ավստրիայի վարչապետն արձագանքել է Փաշինյանին


Արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Թվիթերի իր միկրոբլոգում ցավակցել ու զորակցություն էր հայտնել Ավստրիային ու Ավստրիայի ժողովրդին:

Վիեննայի կենտրոնում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Ոչ պաշտոնական տվյալներով կա 7 զոհ:

«Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են», - գրել է վարչապետը` հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղն արդեն մեկ ամսից ավելի պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ: «Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի վիշտը, համբերություն եմ մաղթում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում վիրավորներին»:

Փաշինյանին արձագանքել է այդ երկրի վարչապետ Սեբաստիան Կուրցը` շնորհակալություն հայտնելով այդ խոսքերի և աջակցության համար: «Սա մեզ համար շատ բան է նշանակում այս դժվարին ժամանակներում: Ավստրիային չեն վախեցնի ահաբեկչության նման սարսափելի գործողությունները: Միասին մենք պաշտպանելու ենք մեր բաց հասարակությունները և ժողովրդավարական արժեքները», - գրել է Կուրցը:

Հայաստանի վարչապետը նաև ցավակցական ուղերձ է հղել ավստրիացի գործընկերոջը:

«Խոր ցավով տեղեկացա Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որն անմեղ զոհերի և վիրավորների պատճառ հանդիսացավ։

Մենք խստորեն դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործությունը և մեր համերաշխությունն ու անվերապահ աջակցությունն ենք հայտնում Ավստրիայի կառավարությանն ու ժողովրդին:

Հայ ժողովուրդը, որն այս օրերին Լեռնային Ղարաբաղում պայքարում է վարձկան ահաբեկիչների դեմ, լիովին հասկանում և կիսում է Ավստրիայի բարեկամ ժողովրդի զգացմունքները:

Մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մտերիմներին՝ մաղթելով նրանց տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում», - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

XS
SM
MD
LG