Մատչելիության հղումներ

Ավստրիայի վարչապետը Վիեննայի հարձակումը բնորոշել է «նողկալի ահաբեկչություն»


Ավստրիայում անվտանգության ուժերը շարունակում են որոնել ահաբեկիչներին, որոնք երեկ ուշ երեկոյան մի շարք հարձակումներ են իրականացրել Վիեննայի կենտրոնում։ Կրակոցների հետևանքով պաշտոնական տվյալներով` առնվազն երեք մարդ է զոհվել, կան վիրավորներ։

Ներքին գործերի նախարար Կարլ Նեհամմերը այսօր առավոտյան հայտնել է, որ երկու տղամարդ է զոհվել և մեկ կին։ Ավելի ուշ տեղական լրատվամիջոցները հայտնեցին, որ զոհերի թիվը հասել է չորսի՝ ստացած վերքերից ևս մեկ կին է մահացել։ Սպանվել է նաև հարձակվողներից մեկը։ Ներքին գործերի նախարարն ասել է, որ նախնական հետաքննությունը պարզել է, որ սպանվածը համակրել է «Իսլամական պետության» խմբերին։

ՆԳ նախարարը Վիեննայի բնակիչներին կոչ է արել մնալ տներում։ Դեռևս հստակ չէ հարձակվողների քանակը, ըստ ոստիկանության՝ մեկից ավելի մարդ է մասնակցել հարձակմանը։ Վիեննայի քաղաքապետ Մայքլ Լյուդվիգն ավելի վաղ ասել էր, որ 15 մարդ է հոսպիտալացվել, որոնցից մի քանիսը ծանր են վիրավորված։ Ոստիկանությունը հաղորդում է, որ տուժել է նաև ոստիկաններից մեկը։

Վիեննայի կենտրոնում կրակոցները տեղի են ունեցել կորոնավիրուսի պատճառով հայտարարված լոքդաունից մի քանի ժամ առաջ, երբ մարդիկ մինչև բարերի ու ռեստորանների փակվելը վայելում էին վերջին ժամերը։

Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը տեղի ունեցածը բնորոշել է «նողկալի ահաբեկչական հարձակում»։

XS
SM
MD
LG