Մատչելիության հղումներ

Ֆրանսիան պատրաստվում է արգելել «Գորշ գայլերի» գործունեությունը


Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալ Դարմանեն, արխիվ

Ֆրանսիան պատրաստվում է արգելել իր տարածքում թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։ Այս մասին նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովում կազմակերպված լսումների ընթացքում հայտարարեց այդ երկրի ներքին գործերի նախարար Ժերալ Դարմանենը։

«Գորշ գայլեր» կազմակերպության գործունեության արգելքի հարցը քննարկվելու է այս չորեքշաբթի՝ նոյեմբերի 4-ին կայանալիք նախարարների կաբինետի նիստի ժամանակ։ Կարող եմ ասել, որ խոսքը, մեղմ ասած, առանձնահատուկ ագրեսիվություն ցուցաբերող կազմակերպության մասին է», - հայտարարում էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը։

Դարմանենի այս հայտարարությունը հնչեց Հայող ցեղասպանության զոհերի հիշատակին Լիոնում կառուցված հուշահամալիրի պղծումից հետո։ Հուշահամալիրի վրա դեղին ներկով թուրքամետ գրառումներ էին կատարվել, մասնավորաբար` «Գորշ գայլեր» և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան առաջին տառերը՝ RTE։

«Լիոնի արվարձան Դեսինում տեղի ունեցած միջադեպն արձանագրվեց Ֆրանսիայի հայկական և թուրքական համայնքների միջև լարվածության ֆոնին։ Նախորդ շաբաթ Լիոնում թուրք ազգայնականների և Ղարաբաղում ադրբեջանական հարձակման դեմ բողոքող հայ ցուցարարների միջև տեղի ունեցած ընդհարման հետևանքով չորս մարդ էր վիրավորվել», - հիշեցնում է France-Presse գործակալությունը՝ կանխատեսելով, որ ֆրանսիական կառավարության այս որոշումն է'լ ավելի կսրի Փարիզի և Անկարայի հարաբերությունները։

Հիշեցնենք, որ «Գորշ գայլեր» կազմակերպությունը համարվում է թուրքական ազգանական ամենահայտնի կառույցների մեկը՝ սերտ կապեր պահպանելով Թուրքիայի խոշորագույն քաղաքական ուժերից մեկի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության հետ։ Դևլեթ Բահչելիի ղեկավարած այս կուսակցությունը նախագահ Էրդողանի գլխավոր քաղաքական դաշնակիցն է Թուրքիայի ներսում։

60-ականների վերջին ստեղծված «Գորշ գայլերը» համարվում են «Ազգայնական շարժում» կուսակցության ոչ պաշտոնական զինյալ թևը։ 80-ականներին «Գորշ գայլերը» իրենց ազդեցությունը սկսեցին տարածել նաև Արևմտյան Եվրոպայում՝ այդ թվում Ֆրանսիայում։1984 թվականի մայիսին, օրինակ, «Գորշ գայլեր»-ի անդամները պայթեցրին Փարիզի արվարձաններից մեկում՝ Ալֆորվիլում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը։

XS
SM
MD
LG