Մատչելիության հղումներ

Ըստ ֆրանսահայ իրավաբանի` Ֆրանսիան կարող է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի ոտնահարման բանաձև ներկայացնել


Լուսանկարում, ըստ հայկական կողմի, ադրբեջանական ուժերը ֆոսֆոր պարունակող զենք են կիրառում

Այսօր տեղի չեն ունենա այն ցույցերը, որոնք Լեռնային Ղարաբաղի պատերազմի սկզբից ի վեր կազմակերպում են ֆրանսահայերը Արցախի անկախության ճանաչման պահանջով: Կառավարությունն ինքնամեկուսացում է սահմանել անցած հինգշաբթի օրվանից կորոնավիրուսի երկրորդ ալիքի դեմ պայքարելու համար:

Այսօր Դեսին քաղաքի Հայկական մշակույթի տունը հայտնել է, թե պղծվել է Հայոց ցեղասպանության հիշողության կենտրոնը և հուշահամալիրը, Հայաստանին անվանարկող արտահայտություններ են հայտնվել շենքերի վրա Ռեջեփ Էրդողան և «Գորշ գայլեր» ստորագրություններով:

Նախորդ շաբաթ Լիոնի շրջանի հայկական համայնքը թիրախավորվել էր Էրդողանի` Ֆրանսիայի տարածքում գտնվող թուրք հետնորդների կողմից: Մոտ 200 հոգուց կազմված խումբը ներխուժել էր Դեսին, Վիեն, իսկ հաջորդ օրը Դիժոն` բղավելով. «Ո՞ւր են հայերը, Ալլահու ակբար»: Բայց իսլամիստական ահաբեկչական գործողություններն իրենց թիրախն են դարձրել ողջ Ֆրանսիան վերջին շաբաթների ընթացքում` սկսած պատմության ուսուցչի գլխատումից մինչև երեք օր առաջ Նիս քաղաքի եկեղեցում հավատացյալների սպանությունը, որին էլ երեկ գումարվեց հույն հոգևորականի սպանությունը Լիոնում, ինչի պատճառների մասին դեռ շատ բան հայտնի չէ:

«Այն, ինչ կատարվում է Ֆրանսիայում, չպետք է ստիպի, որ մենք մոռանանք այն ողբերգությունը, որը տեղի է ունենում մեզանից 3500 կիլոմետր հեռավորության վրա, ուր գործվում են նույն բարբարոսությունները: Լեռնային Ղարաբաղում ևս գլխատում են, հայերը կռվում են միևնույն թշնամու դեմ», - այս օրերին տասնյակ մտավորականներ ու հասարակական-քաղաքական գործիչներ են գրում մամուլում` պահանջելով Ֆրանսիայի իշխանություններից օգնել Ղարաբաղին:

Իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Րաֆֆի Գալֆայանը չի կարծում, թե Արցախի անկախության ճանաչման բանաձևի ներկայացումը խորհրդարան խնդրի ճիշտ լուծում է, որովհետև օրենսդիրները կողմ չեն քվեարկի մի օրինագծի, որը դեմ է Ֆրանսիայի արտգործնախարարության քաղաքականությանը: «Իսկ դա հիասթափություն կառաջացնի մեզ մոտ և կհանդիսանա կատարյալ պարտություն: Ես կարծում եմ, որ հակառակ դրան Ֆրանսիան կարող է մի բանաձև խմբագրել` առաջ մղելով Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի ոտնահարումը` պատերազմը սկսելով մարդասիրական միջազգային իրավունքի ոտնահարմամբ, ինչպես նաև հայերի հանդեպ ատելության քաղաքականության գործադրմամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետը` հավելելով. - «Այս երեք կետերով շատ տարրեր և շատ ապացույցներ կարող են առաջ մղվել ընդդեմ Ադրբեջանի: Սա կլինի առաջին փուլը նախապատրաստելու հաջորդ քայլերը: Անկախության ճանաչումը կգա ավելի ուշ, բայց կարևոր է դրան հասնել քայլ առ քայլ` հաջորդական փուլերով, որովհետև միջազգային իրավունքը դա է պարտադրում: Կան որոշակի պայմաններ, որոնք պարտադրվում են միջազգային իրավունքի կողմից` մի տարածքը մյուսից անջատելու համար կամ մի տարածքը մի պետությունից, և այդ պայմանները պետք է քաղաքականապես իրացվեն»:

Ըստ ֆրանսահայ մասնագետի` Ֆրանսիան` իբրև Մինսկի խմբի միջնորդ երկիր չի կարող ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց այն երկրները, ինչպիսիք են օրինակ` Կանադան կամ Նիդեռլանդները, որոնք շատ հստակ դիրքորոշումներ ունեն ղարաբաղյան հարցում, կարող են դա անել: Նրա խոսքով` Արցախի անկախության միջազգային ճանաչման համար անհրաժեշտ է, սակայն, որ առաջին հերթին Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, հակառակ դեպքում աշխարհի ոչ մի երկիր դա չի անի:

XS
SM
MD
LG