Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն առաջիկայում կմեկնի Մոսկվա


Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալ Մուսա Դարմանեն, արխիվ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալ Մուսա Դարմանենն առաջիկայում կայցելի Մոսկվա:

«Մի քանի օր առաջ ես հանդիպել եմ Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովի հետ, առաջիկա օրերին մեկնում եմ Ռուսաստան», - այսօր ասել է Դարմանենը:

Նա հայտնել է, որ Ռուսաստանն այն երկրներից է, որտեղ կան արմատականությանը հակված բնակիչներ:

«Ռուսաստանն այդ խնդրի առաջ կանգնած պետություններից է, Ֆրանսիա են ժամանում մարդիկ Ռուսաստանի մաս կազմող Չեչնիայից», - ասել է նախարարը և շնորհակալություն հայտնել Ռուսաստանի իրավապահ ծառայություններին արմատականության դեմ պայքարում Ֆրանսիայի հետ համագործակցելու համար:

«Ահաբեկչությունը տարբեր ձևերով է դրսևորվում, հարկ չէ լսել այն կեղծ մարգարեներին, ովքեր պնդում են, թե Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումներ են կատարում բացառապես օտարերկրացիներ, և, իբր, եթե մենք փակենք սահմանները, դա մեզ կօգնի: Դա սխալ է», - ասել նախարարը:

Նրա փոխանցմամբ, Ֆրանսիայում վերջին 32 ահաբեկչական գրոհներից 22-ը կազմակերպել են Ֆրանսիայի քաղաքացիներ:

«Կան ահաբեկիչներ, ովքեր Ֆրանսիա են ժամանում գրոհից ժամեր առաջ, բայց կան նաև ուսուցիչ Սամյուել Պատիին սպանած այն չեչեն ահաբեկչի նմանները, ովքեր տարիներ շարունակ Ֆրանսիայում են, և վերջապես կան դավանափոխ ֆրանսիացիներ, ովքեր սարսափելի հանցագործություններ են կատարում», - ասել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալ Դարմանենը:

Նրա խոսքով, ազգությունը կամ մաշկի գույնը նշանակություն չունեն, նշանակություն ունի արմատական իսլամական գաղափարախոսությունը, որը լայն տարածում է ստացել և որի դեմ պետք է պայքարել:

XS
SM
MD
LG