Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը վաղը Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին


Հոկտեմբերի 30-ին` վաղը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա հավելեց` այս պահին ինքը միայն այս սպասվող հանդիպման մասին տեղեկություն ունի:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու հետաձգվեց հանդիպումը, ԱԳՆ խոսնակը նշեց. - «Փոփոխությունը պայմանավորված է իրավիճակային և լոգիստիկ որոշակի հանգամանքներով: Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է ու դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով: Հենց այդ օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնև»:

Իսկ հիմա, Նաղդալյանի տեղեկացմամբ` Մնացականյանը հանդիպում է անցկացնում Իրանի փոխարտգործնախարար, Արցախի հարցով հատուկ բանագնաց Աբբաս Արաքչիի հետ, ով այստեղ է ներկայացնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման Իրանի ծրագիրը:

Հիշեցնենք, որ նախատեսված էր, որ այսօր կայանալու էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ժնևյան հանդիպմանը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները պետք է մասնակցեին, ինչպես ձևակերպել էին՝ «քննարկելու, համաձայնեցնելու և դեռևս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»։

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ հանդիպումը հետաձգվել է:

Հոկտեմբերի 1-ին ԱԳՆ-ն հայտնեց, որ ետ է կանչում Իսրայելում Հայաստանի դեսպանին: Այսօր Աննա Նաղդալյանը փոխանցեց, որ դեսպանը դեռևս Հայաստանում:

XS
SM
MD
LG