Մատչելիության հղումներ

Այսօր Ժնևում նախատեսված են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ՄԽ համանախագահների բանակցությունները


Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումներից, արխիվ

Այսօր Ժնևում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:

Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցած շաբաթավերջին Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում ասված է, որ «արտգործնախարարները համաձայնել են կրկին հանդիպել հոկտեմբերի 29-ին, Ժնևում՝ քննարկելու, համաձայնեցնելու և դեռևս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ին երեկ տված մեծ հարցազրույցում ասել է՝ Ժնևում կտեսնեն, թե հայկական կողմը որքանով է հավատարիմ կարգավորման հիմնարար սկզբունքներին, ինչից հետո արդեն կգնահատեն, թե դրանք որքանով են ակտուալ կամ ոչ:

Ալիևի խոսքով՝ որոշակի պահեր կան, որոնք ձեռնտու չեն Ադրբեջանին, բայց ընդհանուր առմամբ այդ սկզբունքներն Ադրբեջանն ընդունել է:

Հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը արդեն բացահայտել է հիմնարար սկզբունքները. դա փուլային կարգավորում է՝ հայկական ուժերը սկզբում ազատում են հինգ շրջանները, հետո՝ երկու, Ղարաբաղի անվտանգություն, կապ Հայաստանի հետ, հետո նոր՝ կարգավիճակի հստակեցում:

Ալիևը երեկ ասել է, թե առաջին կետը «արդեն գործնականում կատարվել է», հիմա եթե հայկական կողմը հավատարիմ մնա այդ սկզբունքներին, ապա պետք է Ադրբեջանի վերահսկողությանը հանձնել Լաչինի, Քելբաջարի շրջանները և Աղդամի շրջանի մի մասը: Եվ նա պնդել է, թե դրա համար պետք չէ սպասել երկրորդ փուլին. - «Եթե մենք համաձայնեցնենք քաղաքական կարգավորումը, ապա հայկական ուժերը անմիջապես պետք է դուրս բերվեն Լաչինի, Քելբաջարի և Աղդամի շրջաններից»:

Ժնևյան բանակցությունների նախօրեին Ադրբեջանի ղեկավարն ասել է նաև, որ այդ հիմնարար սկզբունքները «երկնքից չեն ընկել, դրանք առաջարկվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից և համաձայնեցվել կողմերի հետ»: «Բայց երբ Հայաստանում նոր կառավարություն եկավ իշխանության, նրանք արդեն ասացին, թե ոչ մի սանտիմետր հող չեն հանձնելու», - «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ի հարցազրույցում հայտարարել է Ալիևը:

XS
SM
MD
LG