Մատչելիության հղումներ

Արաքչին ղարաբաղյան խնդրի կարգավորման Իրանի ծրագիրը Բաքվից հետո ներկայացրել է Մոսկվայում


Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչի, արխիվ
Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչի, արխիվ

«Իրատեսականություն և խաղաղություն՝ տարածաշրջանի երկրների ուժերով». այսպես է պաշտոնական Թեհրանը բնորոշում ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր ծրագիրը, որը քննարկելու համար երկրի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին այսօր էլ ժամանել էր Մոսկվա։ Թեհրանի բանագնացը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, առաջարկը ներկայացրել է Ռուսաստանի երկու փոխարտգործնախարարներին՝ Անդրեյ Ռուդենկոյին և Սերգեյ Ռյաբկովին։

Բուն դրույթները դեռ չեն հրապարակվում, Թեհրանն, այդուամենայնիվ, ընդգծում է, որ իր մշակած պլանը մի շարք առանձնահատկություններ ունի։ «Նախ, մենք առաջարկում ենք խնդրի կարգավորումը գտնել տարածաշրջանի երկրների, ոչ թե դրանից դուրս գտնվող՝ Մինսկի խմբի անդամների մասնակցությամբ, որոնք աշխարհագրորեն, քաղաքականապես, ինչպես նաև աշխարհայացքով ու մտածելակերպով շատ հեռու են տարածաշրջանից և չեն հասկանում տեղի ժողովուրդների տառապանքը»,- Մոսկվայի օդանավակայանում ասել է Իրանի փոխարտգործնախարարը, պնդելով, թե «Մինսկի խումբը գործունեության 30 տարիների ընթացքում այդպես էլ չի կարողացել խնդրի երկարաժամկետ լուծումը գտնել։

Ծրագրի մյուս առանձնահատկությունը, ըստ դիվանագետի, դրա իրատեսականությունն է․ - «Մենք առաջարկում ենք խաղաղության պլան, որը հիմնված է մարդասիրական սկզբունքների վրա և հաշվի է առնում հակամարտող երկու կողմերի պահանջները,- ասել է Իրանի փոխարտգործնախարարը, մանրամասնելով,- ծրագիրը ընդգծում է օկուպացիան դադարեցնելու, պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ինչպես նաև մարդու իրավունքներն ու փորքրամասնությունների շահերը պաշտպանելու և խաղաղ բնակչության ու բնակավայրերի դեմ բռնությունները դադարեցնելու անհրաժեշտությունը»։

Մոսկովյան այցից առաջ՝ երեկ, Իրանի փոխարտգործնախարարը մեկնել էր Բաքու և պլանը քննարկել Ադրբեջանի իշանությունների հետ։ Ադրբեջանում Իրանի դեսպանատան հաղորդմամբ, «Արաքչին մեկ օրում հինգ կարևոր ու կառուցողական հանդիպում է ունեցել, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևի ու արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ»։ Ինքը՝ Արաքչին, այսօր ժամանելով Մոսկվա, ասել է, թե Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ, և Բաքուն դրական է գնահատել իրենց առաջարկները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը ևս Թվիթերում արած գրառմամբ պնդել է, թե բանակցությունները «շատ արգասաբեր» էին։

Միջնորդական այս առաքելության մասին Թեհրանը հայտարարել էր Ղարաբաղում վերսկսված պատերազմից մի քանի օր անց՝ չթաքցնելով, որ անհանգստացած է իր սահմանների մոտ շարունակվող հակամարտությամբ։ Ռազմական գործողությունների հնարավոր ընդարձակման և արտաքին ուժերի ներքաշման վտանգից բացի, ըստ փորձագետների, իրանական կողմը մտահոգվելու նաև այլ պատճառ ունի՝ Թուրքիայի միջնորդությամբ հակամարտության գոտի տեղափոխված գրոհայինները։

Փաստացի, այդ խմբերը տարիներ շարունակ Սիրիայում պայքարել են Թեհրանի աջակցությունը վայելող կառավարական ուժերի դեմ, իսկ այսօր հայտնվել են հենց Իրանի սահմանների մոտ։ Հոկտեմբերի սկզբին դեռ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր. - «Մեզ համար անընդունելի է, որ որոշ երկրներ ուզում են Սիրիայից և այլ երկրներից ահաբեկիչներին մեր սահմանների մոտ տեղակայել»։ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայեթին էլ զգուշացրել էր. - «Եթե ծայրահեղականներին Ղարաբաղ տեղափոխելու մասին լուրերը հաստատվեն, բոլոր նրանք, ովքեր կանգնած են դրա ետևում, պատասխան կտան»։

«Այս պատերազմը միայն Հայաստանին ու Ադրբեջանին չէ, որ վերաբերում է, մենք շատ լուրջ հետևանքներ ենք տեսնում նաև ողջ տարածաշրջանի համար», - նախօրեին ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերությանն ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Ռուսաստանի արտաքին հետախուզության տվյալներով, հակամարտության գոտի են տեղափոխվում հազարավոր ծայրահեղական գրոհայիններ Մերձավոր Արևելքից, բավական է նայել քարտեզին, և ակնհայտ կդառնա, որ նրանք հիմա կանգնած են հենց Իրանի սահմանին, Թեհրանը ծրագրո՞ւմ է ինչ-որ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ», - հարցրել է Ռուսաստանի զինված ուժերին պատկանող «Զվեզդա» հեռուստաալիքի լրագրողը։

«Անշուշտ, ակնհայտ է, որ տարածաշրջանում ցանկացած անդրազգային կամ ահաբեկչական ուժի ներկայությունը կարող է է՛լ ավելի խորացնել առկա հակամարտությունը և նոր սպառնալիքներ ստեղծել։ Այդ իսկ պատճառով, կարծում ենք, որ խնդրի լավագույն լուծումը կլինի համախմբել տարածաշրջանի երկրների ուժերը, գտնել կարգավորումն ու թույլ չտալ, որ ահաբեկչական ուժերը կենտրոնանան ու հաստատվեն մեր ռեգիոնում», - ասել է Ռուսաստանում Իրանի դեսպանը, ընդգծելով՝ նաև այդ նպատակով է Թեհրանն ակտիվացնում ջանքերը խնդրի դիվանագիտական լուծման ուղղությամբ։

Ակնկալվում է, որ ռուսական կողմի հետ քննարկումներից հետո ղարաբաղյան հակամարտության հարցով Իրանի գլխավոր բանագնաց Աբբաս Արաքչին կայցելի նախ Հայաստան, ապա Թուրքիա։

XS
SM
MD
LG