Մատչելիության հղումներ

Ադրբեջանի՝ մարդկության դեմ ոճիրների քաղաքականությունը շարունակելու է հանդիպել Արցախի վճռական դիմադրությանը, շեշտում է ՀՀ ԱԳՆ-ը


ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ

Վերջին երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը շարունակում են ենթարկվել ադրբեջանական տարբեր տեսակի հրթիռահրետանային, հարվածային անօդաչու թռչող սարքերի հարձակումներին, ինչպես նաև ռազմական օդուժի ռմբակոծումներին, հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը:

«Հոկտեմբերի 28-ի երկրորդ կեսից մինչ այս պահը ներառյալ անդադար թիրախավորվում են Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը։ Ամենաուժգին հարվածների են ենթարկվում Ստեփանակերտը և Մարտակերտը, որի արդյունքում խաղաղ բնակչությանը հասցվում է հսկայական վնաս, ոչնչացվում են քաղաքացիական ենթակառուցվածքները։ Համավարակի պայմաններում հարվածներ են հասցվում հիվանդանոցներին և առողջապահական այլ ենթակառուցվածքներին։ Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ», - ասված է հայտարարությունում:

«Խաղաղ բնակչության դեմ կատարվող ադրբեջանական ռեժիմի այս պատերազմական հանցանքներն ուղեկցվում են Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ և հետապնդում են ԼՂ-ում հայ ժողովրդին ոչնչացնելու նպատակ։

Չնայած միջազգային համայնքի կոչերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքներին՝ Ադրբեջանը համառորեն մերժում է հրադադարի պայմանավորվածությունների իրականացումը և հակամարտության գոտում հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը։

Ձգտելով իրականացնել իր ցեղասպան մտադրությունը և խուսափել դրա պատասխանատվությունից՝ Ադրբեջանը միաժամանակ ծավալել է կեղծիքների ու հերյուրանքների վրա հիմնված քարոզարշավ՝ մոլորեցնելու միջազգային հանրությանը», - հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Ադրբեջանի մարդկության դեմ ոճիրների և էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման և շարունակելու է հանդիպել Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը, որն իրականացնելու է ինքնապաշտպանության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով», - ասված է հայտարարությունում:

XS
SM
MD
LG