Գիշերը Արցախի բոլոր բնակավայրերում իրադրությունը հանգիստ է եղել: Այս մասին առավոտյան «Ազատությանը» հայտնեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:
Ստեփանակերտում ևս գիշերը հանգիստ էր, պայթյունի ձայներ էին լսվում, ենթադրաբար դրանք կամ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների աշխատանքի, կամ էլ ռազմաճակատից լսվող ձայներ էին:
Հիշեցնենք, Արցախի օմբուդսմենը երեկ հայտնեց, որ կեսօրին Ադրբեջանը կասետային «Սմերչ» համակարգով հրթիռակոծել է Արցախի Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակելի հատվածները, երեք կին վիրավորվել է:
Ադրբեջանն, իր հերթին, նախօրեին պնդել էր, թե հայկական կողմը հրթիռակոծել է Բարդա քաղաքը, ինչը Հայաստանի Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունները հերքել են՝ ընդգծելով հրադադարի միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: