Մատչելիության հղումներ

Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ` կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում վիրավորվել է 3 կին


Ադրբեջանն այս կեսօրին կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակելի հատվածները, որտեղ ապաստանել էին մի շարք այլ համայնքներից ժամանակավորապես տեղահանված քաղաքացիական բազմաթիվ անձինք, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Հարվածի հետևանքով, նույն աղբյուրի փոխանցմամբ, երեք կին վիրավորվել է, ինչպես նաև ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների ևս:

«Հաշվի առնելով, որ տվյալ համայնքի մոտ առկա չէ որևէ ռազմական օբյեկտ, ինչպես նաև խիտ բնակեցված հատվածում կիրառվել է ազդեցության լայն շառավղով արգելված կասետային հրթիռ՝ ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ուժերը հանցավոր դիտավորություն ունեին թիրախավորելու հենց քաղաքացիական բնակչությունն ու օբյեկտները: Մարդու իրավունքների պաշտպանը դիմում է միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական վայրագությունները պատշաճ արձագանքի արժանացնելու և դադարեցնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանն իր հերթին այսօր հայտարարեց Բարդայի հրթիռակոծության մասին՝ պնդելով՝ հայկական կողմը 4 հրթիռ է արձակել քաղաքի ուղղությամբ։ Մինչդեռ Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակը կատարյալ սուտ և սադրանք է որակում ադրբեջանական կողմի մեղադրանքը:

XS
SM
MD
LG