Մատչելիության հղումներ

ՊՆ-ի հաղորդմամբ` հրետակոծվել են ՀՀ-Իրան սահմանի ուղեկալի դիրքերը, կան վիրավորներ


Լուսանկարը` Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ներկայացրած տեսանյութից

Ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսված ռազմական գործողությունների 31-րդ օրը Հայաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հաղորդեց, որ ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարի ռեժիմը, անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է Իրանի հետ Հայաստանի հարավային սահմանի հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: Անօդաչու թռչող սարքերից (ԱԹՍ) մեկն ընկել է Հայաստանի տարածքում։

Նախարար Դավիթ Տոնոյանն, այսօր հանդիպելով հրամանատարական կազմի հետ, քննարկել է հարավային սահմանում առկա օպերատիվ իրավիճակն ու առաջիկա քայլերը։ «Անմիջապես մեր կողմից ֆիքսվեց, բոլոր շարժերը մեր կողմից ֆիքսվում են, չունենք անձնակազմի կորուստներ, չունենք մարդկային ոչ մի կորուստ և տեխնիկայի կորուստներ: Իրավիճակն ընդհանուր առմամբ շփման գծում մեր կողմից վերահսկելի է», - զեկուցվել է նախարարին:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ՝ հայկական կողմը վիրավորներ ունի։ Ստեփանյանը Ֆեյսբուքում գրել է, որ Հայաստանի հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ և կորուստներ: Միևնույն ժամանակ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:

Արցախի պաշտպանության բանակն (ՊԲ) այսօր հրապարակեց պատերազմական գործողությունների հետևանքով զոհված ևս 35 զինվորների տվյալները։ Ուղիղ մեկ ամիս ձգվող պատերազմական գործողությունների ընթացքում հայկական կողմն արդեն հայտնել է 1006 զոհի մասին։ Ադրբեջանը շարունակում է իր կորուստների մասին թվեր չհրապարակել։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության գոտուն, ապա Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ` թեև վաղ առավոտյան հաղորդվեց, որ Արցախի բոլոր բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել, ադրբեջանական կողմը, սակայն, բոլոր ուղղություններով խախտել է հրադադարի պայմանները. - «Այսօր առավոտվանից էլ թշնամին տարբեր ուղղություններով գործողություններ է ձեռնարկել` խախտելով հրադադարի պայմանները: Հյուսիսից մինչև հարավ հիմնականում հրետակոծություններ են, մարտերն այնքան ինտենսիվ չեն, ինչպես նախորդ 2 օրերին, բայց մարտական գործողություններն ընթանում են: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ, հրետանի և այլ տեխնիկա»:

Սեպտեմբերի 27-ից վերսկսված ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել հրադադար հաստատելու մասին։ Վերջին պայմանավորվածությունը Միացյալ Նահանգներում երկու օր առաջ էր։ Կողմերը միմյանց են մեղադրում հրադադարի պայմանները չկատարելու համար։

Հայաստանի վարչապետն այսօր Թվիթերում տեղադրած գրառմամբ հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու միջազգային համայնքի ջանքերը, որոնք այս անգամ առաջնորդել է Միացյալ Նահանգները, ձախողվել են: Վարչապետի փոխանցմամբ` Ադրբեջանի կողմից կրակը դադարեցնելու ռեժիմը խախտելու հետևանքով Արցախում հրետակոծությունից զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ։

Երեկ ուշ երեկոյան հայկական կողմը հաղորդեց, որ հոկտեմբերի 25-ի մարտերի ընթացքում ադրբեջանական կողմին հաջողվել է գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ։ Մինչ այդ էլ քարտեզ էր հրապարակվել, ըստ որի՝ հյուսիսում ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ է հայտնվել Թալիշը, իսկ հարավում՝ Միջնավանից Կովսականով դեպի Հադրութ ձգվող հատվածը։

«Երեկ, ցավոք, երեկոյան ուշ ժամին մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ», - նշել էր Հովհաննիսյանը:

Ադրբեջանն իր հերթին այսօր հայտարարեց Բարդայի հրթիռակոծության մասին՝ պնդելով՝ հայկական կողմը 4 հրթիռ է արձակել քաղաքի ուղղությամբ։ Մինչդեռ Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակը կատարյալ սուտ և սադրանք է որակում ադրբեջանական կողմի մեղադրանքը։ «Ո՛չ Հայաստանի զինված ուժերը, ո՛չ էլ Արցախի պաշտպանության բանակը որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ», - Ֆեյսբուքում գրել է Շուշան Ստեփանյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG