Մատչելիության հղումներ

Տեղային նշանակության մարտեր են ճակատային գծի որոշ ուղղություններում, հաղորդում է Արցախի ՊՆ-ը


Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները ռազմաճակատում, հոկտեմբեր, 2020թ.

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր, փոխանցում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ «երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից»:

Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում:

«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, հոկտեմբերի 24-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հումանիտար հրադադարը չի պահպանվում: Հայկական կողմը հրադադարի խախտման համար մեղադրում է ադրբեջանական կողմին և շեշտում վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, ինչից հակառակ կողմը խուսափում է: Ադրբեջանը, իր հերթին, պնդում է, թե հայկական կողմն է խախտում հրադադարը:

XS
SM
MD
LG