Մատչելիության հղումներ

Ալիևն սպասում է, որ հայկական կողմը «հրապարակավ ընդունի հիմնարար սկզբունքները»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձ է հղում ժողովրդին, Բաքու, 26-ը հոկտեմբերի, 2020թ.
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հայկական կողմը հրապարակավ ընդունի հիմնարար սկզբունքները։

«Դրանք ենթադրում են Ադրբեջանին հանձնել Ղարաբաղին հարակից 7 շրջանները, ադրբեջանցի փախստականներին ու տեղահանվածներին էլ վերադարձնել Ղարաբաղ՝ իրենց բնակավայրեր», - իտալական Rai-1 հեռուստաընկերությանն ասել է Իլհամ Ալիևը:

Թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկրները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը հորդորում են հրադադար հաստատել առանց որևէ նախապայմանի, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե պատրաստ է շարունակել ռազմական գործողություններն ու վերադարձնել տարածքները՝ ցանկացած գնով։

Ալիևը նաև պնդել է, թե Ֆրանսիայի նախագահն ու Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրենը անհիմն հայտարարություններ են անում և հանիրավի մեղադրում Ադրբեջանին և Թուրքիային հակամարտության գոտի սիրիացի վարձկաններ ուղարկելու մեջ։ «Ես ցավում եմ, որ նման անհիմն մեղադրանքներ են հնչում համանախագահող երկրներից՝ Ֆրանսիայից ու Ռուսաստանից», - հայտարարել է Ալիևը։

Մինչդեռ, սիրիացի վարձկանների մասին տասնյակ հրապարակումներ կան նաև արևմտյան հեղինակավոր պարբերականներում, այդ թվում՝ «Գարդիան»-ում, «Թայմս»-ում, ռուսական «Կոմերսանտ»-ում։
XS
SM
MD
LG