Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները, այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտյան սկսվել է հրետակոծություն, և որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք, սակայն, իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջում են հարավային ուղղությամբ կատարվող մարտական գործողություններին:
Օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ մի քանի գյուղերում, այդ թվում` Ավետարանոց գյուղի հատվածի հարակից անտառներում երևացել են դիվերսիոն խմբեր: Այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական և ոչնչացման աշխատանքները: Այս պահին էլ դրանք ընթանում են», - ասաց նա:
Հովհաննիսյանի ներկայացմամբ` հարավային ուղղությամբ ողջ օրվա ընթացքում դեպի հյուսիս և դեպի արևմուտք` Սանասարի ուղղությամբ, ադրբեջանական կողմը ձեռնարկել է տասնյակ անգամյա գրոհներ ու հարձակումներ տարբեր ուղղություններով, ինտենսիվ մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե մարտեր են ծավալվում Կուբաթլուի շրջանի ուղղությամբ, և թե իրենց հաջողվել է հայկական ուժերին հետ մղել նախնական դիրքեր։