Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր ուղերձով դիմեց հայությանը: «Մեր գոյության առջև ծառացած սպառնալիքը մեզ այլ ընտրություն չի թողնում, քան կենաց ու մահու պայքարով պաշտպանել Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքը և վերահաստատել խաղաղությունը, հատկապես երբ աշխարհը դեռ հապաղում է դատապարտել թշնամու ոճրագործություններն ու վայրագությունները:
Այսօր Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմը, ժխտական կեցվածքը մարդասիրական հրադադարի հանդեպ, վերջնագրային դիրքորոշմամբ բանակցությունների խափանումը, Արցախի բնակավայրերի ու բնակչության հրետակոծումը և պատճառած բազմաթիվ ավերներն ու մարդկային կորուստները, Արցախի հարցը ռազմական ուղիով վճռելու նկրտումները, ինչպես նաև վերջին տասնամյակների պատմությունը բավարար են փաստելու, որ Արցախը չի կարող որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում», - նշեց կաթողիկոսը։
Նա կոչ արեց կանգնել սահմանագծում կռվող զինվորականների կողմին. - «Այսօր, առավել քան երբևէ, մեզ համար հրամայական է համազգային մեր միասնականությունն ու համերաշխությունը, որպեսզի մեր զավակաց անձնուրաց քաջությունը պսակվի հաղթական ավարտով՝ խնայելով մարդկային թանկ կյանքեր»։