Մատչելիության հղումներ

Ռուսաստանը, քաղաքագետի կարծիքով, փորձում է պատերազմը դադարեցնել քաղաքական մեթոդներով, որոնք ակնհայտորեն բավարար չեն


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի քննարկմանը։

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ փաստացի ասաց, որ Ռուսաստանն իր շահերն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի և թե՛ Թուրքիայի հետ կապված, և որ Մոսկվան չի պատրաստվում հրաժարվել որեւէ երկրից։

Իսկանդարյանը «Վալդայ» ակումբի անդամ է և հենց Մոսկվայում է հետևել Պուտինի ելույթին։

«Թեև Ռուսաստանը փորձելու է նպաստել հաշտեցմանը, սակայն կտրուկ կամ միանշանակ որևէ մեկի կողմն անցնել Մոսկվան չի պատրաստվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Ըստ քաղաքագետի, Ռուսաստանի համար ձեռնտու չէ, որ ռազմական գործողությունները շարունակվեն, և Ռուսաստանը կփորձի պատերազմը դադարեցնել, սակայն այստեղ Ռուսաստանի շահերը բախվում են Թուրքիայի շահերին։

Ալեքսանդր Իսկանդարյան
Ալեքսանդր Իսկանդարյան

Իսկանդարյանի խոսքով՝ սա բավական բարդ քաղաքական վիճակ է․ - «Ինչ վերաբերում է պատերազմը դադարեցնելու լուրջ փորձերին, Ռուսաստանը գործում է քաղաքական միջոցներով։ Դրանք են կոչերը, ազդեցության փորձերը, նախարարների, նախագահների մակարդակով աշխատանքը, զանգերը։ Սակայն քաղաքական այդ միջոցները ակնհայտորեն բավարար չեն: Որպեսզի այս ծավալի պատերազմը կանգնի, պարզապես հայտարարությունները բավարար չեն։ Ալիևը մինչև այս պատերազմը սկսելը շատ լավ հասկանում էր, որ նման կոչեր կլինեն, և դա կարելի է ասել՝ ներառված էր գնի մեջ։ Իսկ ոչ քաղաքական միջոցներ, որոնց մասին այս օրերին շատերն են ակնարկում, Ռուսաստանը չի օգտագործի, այլ կերպ ասած՝ ռազմական օպերացիաներ Ռուսաստանի կողմից չեն լինի։ Ուստի հիմա միջանկյալ մի վիճակ է․ մի կողմից, Ռուսաստանը ցանկանում է ռազմական գործողությունները դադարեցնել, հակամարտող կողմերը Ռուսաստանի համար արժեքավոր են, մյուս կողմից, Ռուսաստանի գործադրած մեթոդները բավարար չեն։ Վաղ թե ուշ այդ մեթոդները, հույս ունեմ, կաշխատեն, սակայն հիմնականը, որ կարելի է ասել՝ իրավիճակի ելքը ռազմաճակատում է որոշվում, և ոչ թե Մոսկվայում, Փարիզում կամ Նյու Յորքում»։

Քաղաքական վերլուծան, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Ռուսաստանի նախագահն իր ելույթում հավասարության նշան դրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սակայն նա հույս ունի, որ Մոսկվայի այս դիրքորոշումը շուտով կփոխվի, երբ Ադրբեջանում ստեղծված ծայրահեղականների ճամբարներից կսկսեն հարձակումներ Ռուսաստանի տարածքում։

Ստեփան Գրիգորյան
Ստեփան Գրիգորյան

«Ռուսաստանը չի ուզում կորցնել Ադրբեջանին, ու դրա համար էլ հավասարության նշան է դնում։ Ես հուսով եմ, մոտ ժամանակներս դա կանցնի։ Ինչու։ Քանի որ իրոք Ադրբեջանում ստեղծվում են էքստեմիստական խմբերի ճամբարներ՝ ծայրահեղ կրոնական խմբերի, ջիհադիստների, ու երբ որ իրանք կսկսեն հարձակումներ Ռուսաստանի տարածքի վրա, Ռուսաստանը միանշանակ ի օգուտ մեզ կլինի։ Հիմա դեռ Ռուսաստանը խաղեր է տալիս։ Դա առաջինը։ Երկրորդը, պարզ է Պուտինի խոսքերի մեջ կային և դրականը մեզ համար․ ի վերջո, հիշեցնել Սումգայիթ, Բաքու, դա լուրջ բան է»։

Պատերազմը դադարեցնելու հարցում Ռուսաստանի շահագրգռվածությունը, ըստ վերլուծաբանի, Հայաստանի շահերից է բխում, սակայն պետք է հաշվի առնել, որ նաև Ադրբեջանը, ու հատկապես Թուրքիան Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ունեն։

Թեև Պուտինը շեշտեց Թուրքիայի հետ ավելի քան 20 միլիարդ դոլարի առևտրաշրջանառությունը, սակայն Ստեփան Գրիգորյանն ասում է՝ Թուրքիայի կարևորությունը Ռուսաստանի համար ֆինանսատնտեսական պատճառներից ավելին է․- «Գլխավորը, որ Թուրքիան քանդում է ՆԱՏՕ-ն։ Այստեղ է, որ Ռուսաստանի համար Թուրքիան կարևոր է։ Բայց այնուամենայնիվ, ակնարկներ կային, որ Հարավային Կովկասը իրենց գոտին է, ու կոպիտ ասած՝ եթե մեկը մտնի էդ գոտի, իրենք ցավոտ կընկալեն։ Այդ իմաստով այս մասը իր ասածի մեզ համար կարևոր էր»։

Արդյո՞ք կարելի է Արցախի հայերի անվտանգության և Ադրբեջանի կորցրած տարածքների մասին Պուտինի հայտարարություններից հետո եզրակացնել, որ հակամարտության լուծումը Ռուսաստանը տեսնում է Արցախին կարգավիճակ տալու, իսկ հարակից շրջանները Ադրբեջանին տալու ճանապարհով։ Այս հարցին ի պատասխան Ստեփան Գրիգորյանն ասաց՝ Հայաստանի, Արցախի, ու սփյուռքի հերոսական պայքարը հանգեցրեց նրան, որ միջազգային հանրությունը հակված է Արցախի կարգավիճակը ֆիքսել, սակայն թե ինչ սահմաններում, այդտեղ նրբություններ կան․ - «Հիմա բոլորը համաձայն են, որ ինչ որ կարգավիճակ պետք է տրվի Արցախին։ Պարզ է, որ մենք պետք է հասնենք մաքսիմալի՝ որ ճանաչեն։ Բայց նյուանսներ կան․ առաջ է գալիս Ռուսաստանի, Լավրովի պլանը, որը մեզ համար այդքան էլ հաջող չէ։ Բայց, նորից կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ է անում, որ ասում է՝ մենք պատրաստ ենք ցանկացած առաջարկ քննարկել Մինկսի խմբի շրջանակներում»։

Ի դեպ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, այսօր բաց նամակ է ուղղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հիշեցրել է արցախառուսական կապերի դարավոր պատմությունը, Ռուսական կայսրությունում և Խորհրդային Միությունում նշանավոր արցախցիներին, և դիմել է Պուտինին ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցմանը նպաստող ջանքեր գործադրելու խնդրանքով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG