Մատչելիության հղումներ

Փաշինյանը հանդիպեց Արցախի երկու նախկին նախագահների և ՔՊ-ի վարչության անդամների հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների հետ: Հանդիպման մանրամասները դեռևս հայտնի չեն: Կառավարության շենքից դուրս եկած կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը չպատասխանեց լրագրողների հարցերին:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են` այսօր` ավելի վաղ էլ, Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին, քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Երեկ երեկոյան էլ վարչապետն արդեն երկրորդ անգամ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին հանդիպեց: Դրանից առաջ Անվտանգության խորհրդի նիստ էր գումարվել, որին մասնակցել էին նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Ազգային ժողովի 3 խմբակցությունների` «Իմ քայլի», «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ազատությանը» նիստից հետո հայտնել էր, որ քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը, նիստն էլ տևել է շուրջ 2 ժամ: Պատգամավորն այլ մանրամասներ չէր ցանկացել հայտնել:

Վարչապետին երեկ հանդիպած արտախորհրդարանական ուժերի շարքում էր նաև նախկին իշխող կուսակցության` Հանրապետականի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը, որը ևս քննարկումից հետո հրաժարվել էր լրագրողների հետ խոսել, սակայն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա հայտնել է, որ արցախյան հարցի շուրջ ՀՀԿ-ի դիրքորոշումը չի փոխվել` Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի կարող լինել. - «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական և պարտադիր իրացումն այլընտրանք չունի, այսինքն` Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր կարգավիճակը»:

Նախկին պատգամավորի պնդմամբ` արցախյան հարցի լուծման փաթեթային տարբերակից զատ, այլ տարբերակները կուսակցության համար անընդունելի են:

Ուղերձով է հանդես եկել նաև երեկվա հանդիպմանը մասնակցած ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հայտարարելով, թե Դաշնակցության համար անընդունելի են տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը։ Այս նույն դիրքորոշումն իր ուղերձում հայտնել էր նաև վարչապետ Փաշինյանը՝ ասելով, որ Ադրբեջանը պահանջում է տարածքները ոչ թե Արցախի կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց։ Ըստ Դաշնակցության՝ ղարաբաղյան հարցի լուծման ցանկացած տարբերակ առանց Արցախի անկախության ճանաչման ընդունելի չէ. - «Դաշնակցության համար անընդունելի է, ինչպես նախկինում ևս անընդունելի է եղել հարցի փուլային լուծման շրջանառվող որևէ տարբերակ: Սիրելի՛ հայրենակից, մենք այս պատերազմում չհաղթելու իրավունք չունենք, մենք պատասխանատու ենք մեր սերունդների առաջ, մենք այս պատերազմում մեծ և ծանր գին ենք վճարել: Մենք պետք է հաղթենք, սա մեր պետության գոյության հարցն է»:

Վարչապետի արտախորհրդարանական ուժերի հետ երկու հանդիպումներին էլ մասնակցած «Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար անդամ Սուրեն Սահակյանի գնահատմամբ էլ` այս հանդիպման հետ կապված քննարկումները ժամանակավրեպ են: Ըստ նրա` ռազմաճակատում ստեղծված իրավիճակն է քննարկման թեման, որտեղ ըստ Սահակյանի` ադրբեջանական կողմը ծուղակն է ընկել. - «Մի թասի մեջ, որտեղ մի կողմում` ձախ կողմում Հայաստանն է, վերևի հատվածում` Արցախի ուժերը` հայկական ուժերը, և ներքևի հատվածում` Իրանը: Եվ պատահական չէ, որ Ադրբեջանն ընկել է այդ ծուղակի մեջ, նա այլ ելք չուներ, բայց դրանով ադրբեջանական բանակի ձախողումները, ձախորդությունները չեն ավարտվում, քանի որ մի ճանապարհ կա այդտեղից` դեպի հյուսիս բարձրանալը, այսինքն` Լաչինի միջանցք փորձել փախչել, իսկ այդ Լաչինի միջանցքով ադրբեջանական բանակի կորուստների և անփառունակ վախճանի մասին կարող են պատմել նաև Արցախի առաջին պատերազմի ժամանակ այնտեղ եղած ուժերը»:

Սուրեն Սահակյանի կարծիքով՝ այժմ հանրությունն առանց խուճապի պետք է սպասի պատերազմի ելքին։

XS
SM
MD
LG