Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Ալիևը հայտարարել են, որ պատրաստ են դեմ առ դեմ հանդիպման


Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Մյունխենում, փետրվար, 2020թ.
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Մյունխենում, փետրվար, 2020թ.

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հայտարարել են, թե համաձայն են մեկնել Մոսկվա՝ դեմ առ դեմ հանդիպման։ Փաշինյանն ու Ալիևն այս մասին այսօր ասել են ՏԱՍՍ-ին՝ առանձին-առանձին տված հարցազրույցների ժամանակ։

«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, և ես պատրաստ եմ անհրաժեշտ բոլոր ջանքերը ներդնել՝ այդ արդյունքին հասնելու համար, այդ թվում՝ գալ, հանդիպել ու բանակցել», - ասել է Հայաստանի վարչապետը։

Ադրբեջանի նախագահը, պատասխանելով նույն հարցին, ասել է․ - «Բաքվի ներկայացուցիչները պատրաստ են հանդիպել Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում»։

«Մենք միշտ ենք պատրաստ հանդիպման՝ հակամարտությանը վերջ դնելու և կարգավորման ուղիներ գտնելու համար։ Բաքուն պատրաստ է ցանկացած ձևաչափով շփման», - ասել է Ալիևը, միաժամանակ ընդգծել, որ ինքը դեռ նման հրավեր չի ստացել։

Անդրադառնալվ խնդրի կարգավորմանը՝ Ալիևը պնդել է, թե Ադրբեջանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներին․ - «Դա նշանակում է հայկական ուժերի կողմից օկուպացված տարածքների վերադարձ, բանակցություններ՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ, փախստականների ու տեղահանվածների վերադարձ իրենց նախկին բնակավայրեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ և Շուշի։ Այս ամենը արձանագրված է հիմնարար սկզբունքներում, և հայկական կողմը տարբեր փուլերում տվել է իր համաձայնությունը», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևը նաև պնդել է, թե հայկական կողմը նախկինում մի քանի անգամ ետ է կանգնել ձեռք բերված համաձայնություններից։ «Նրանք վերջին պահին հրաժարվեցին Քելբաջարն ու Լաչինը վերադարձնելուց, իսկ մյուս հինգ շրջանների վերադարձը վաղուց էր համաձայնեցված, մենք արդեն քննարկում էինք՝ երբ են Քելբաջարն ու Լաչինը վերադարձվելու։ Այսինքն, մենք արդեն ժամկետներին էինք հասել, բայց հետո հայկական կողմը ետքայլ արեց, և Քելբաջարի ու Լաչինի հարցը մնաց օդում կախված», - ասել է Ալիևը՝ վստահեցնելով, թե իր այս պնդումները կարող են հավաստել նաև այդ ժամանակահատվածում Մինսկի խմբում համանախագահող դիվանագետները։

Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, ընդգծել է, որ հայկական կողմի համար բոլոր փուլերում առանցքայինը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը. - «Եթե Ադրբեջանը համաձայնի այս հարցում, նախադրյալներ ի հայտ կգան փոխզիջումների համար», - ՏԱՍՍ-ին ասել է նա, հավելելով. - «Եթե մյուս կողմը պատրաստ չէ զիջումների, մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ՝ հանուն մեր ժողովրդի իրավունքի, հանուն Լեռնային Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցների»։

Ռուսական գործակալության հետ զրույցում երկու առաջնորդները միայն մեկ հարցում են համակարծիք եղել, երբ լրագրողը հետաքրքրվել է՝ համաձա՞յն են, որ տարածաշրջան մտնեն ռուսական խաղաղապահներ կամ դիտորդներ։ Թե՛ Իլհամ Ալիևը, թե՛ Նիկոլ Փաշինյանը պնդել են՝ այս հարցը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահողների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի մասնակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG