Մատչելիության հղումներ

Կանադայի ԱԳ նախարարը շեշտում է հրադադարի պահպանման անհրաժեշտությունը


Կանադայի ԱԳ նախարար Ֆիլիպ Շամպայն, արխիվ
Կանադայի ԱԳ նախարար Ֆիլիպ Շամպայն, արխիվ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունն են քննարկել Հայաստանի և Կանադայի արտգործնախարարները երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

Զոհրաբ Մնացականյանը, Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն, առանձնահատուկ ընդգծել է «Ադրբեջանի կողմից պատերազմի հանցագործությունների, այդ թվում Արցախի քաղաքացիական բնակչության և կենսապահովման ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման, կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային օբյեկտների հրետակոծման, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի անթույլատրելիությունը»։

Անդրադառնալով կրակի դադարեցման վերաբերյալ հոկտեմբերի 10-ի և հոկտեմբերի 17-ի համաձայնություններին՝ Մնացականյանն ընդգծել է ձեռք բերված պայմանավորվածությունների չիրականացման Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը: Նախարարը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման և հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:

«Ողջունելով հոկտեմբերի 17-ին ձեռք բերված հումանիտար զինադադարը՝ նախարար Շամպայնն ընդգծեց վերջինիս պահպանման և կյանքի կոչման անհրաժեշտությունը, ինչպես նաև համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը: Կանադայի ԱԳ նախարարը, իր աջակցությունը հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, ընդգծեց արտատարածաշրջանային դերակատարների՝ հակամարտությանը չմիջամտելու անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրությունում:

Մնացականյանն իր հերթին բարձր է գնահատել Կանադայի ղեկավարության սկզբունքային որոշումը՝ իրականացվող հետաքննության շրջանակներում կասեցնել Թուրքիա ռազմավարական նշանակության ապրանքների արտահանման թույլտվությունները։ Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությանը հնարավոր է հակազդել բացառապես միջազգային հանրության վճռական և գործուն ջանքերի միջոցով:

Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն երկու անգամ համաձայնեցված մարդասիրական հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը մեղադրում են միմյանց: Հայկական կողմը, այդուհանդերձ, քանիցս վերահաստատել է հրադադարը պահպանելու իր հանձնառությունը՝ շեշտելով, որ պատրաստ է կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները և վերիֆիկացիոն մեխանիզմները, որոնցից ադրբեջանական կողմը խուսափում է:

XS
SM
MD
LG