Մատչելիության հղումներ

Անկարան վրդովված է Հունաստանի ԱԳ նախարարի` Երևանում արված հայտարարություններից


Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը, արխիվ

Պաշտոնական Անկարան վրդովված է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի` Հայաստանում հնչեցրած հայտարարությունների առնչությամբ:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, թե «Հայաստան այցի ժամանակ Թուրքիայի հասցեին հույն նախարարի կիրառած հռետորաբանությունը ի ցույց է դնում, որ Հունաստանը Թուրքիայի հետ լավ հարևանության, երկխոսության և համագործակցության փոխարեն նախընտրում է լարվածության աճի մեծացման քաղաքականությունը»:

Աքսոյն ընդգծել է. - «Թուրքիան տարածաշրջանային բոլոր խնդիրների լուծմանն է սատարում, իսկ Հունաստանն ինքն է խնդիրներ ստեղծում և աջակցում դրանք ստեղծողներին»:

«Հունաստանի ԱԳ նախարարը պետք է տարբերակի, թե Լեռնային Ղարաբաղում և շրջակա յոթ շրջաններում ով է զավթիչ, իսկ ով` տուժած կողմը, և դատապարտի Հայաստանի կողմից այդ տարածքների 28 տարի շարունակվող բռնագրավումը»,- ասված է Թուրքիայի արտաքին գերատեսչության խոսնակի հայտարարության մեջ:

Երեկ Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսին անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին` Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, թե Անկարայի միջամտությունը ևս մեկ հակամարտությունում շատ մտահոգիչ է։ Նա շեշտել է, որ Հունաստանն իր ձայնն արդեն իսկ բարձրացրել է արցախա-ադրբեջանական կոնֆլիկտի առնչությամբ և առաջինն էր, որ դիմել է Եվրամիությանը՝ այդ խնդրին արտաքին միջամտությունը բացառելու, ինչպես նաև կողմերին բանակցությունների տանելու կոչով։

Օրվա վերջում նախարար Դենդիասի ղեկավարած պատվիրակությանն ընդունել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վարչապետը և Հունաստանի արտգործնախարարն անդրադարձել են Թուրքիայի ապակայունացնող ծավալապաշտական քաղաքականությանը, որը դրսևորվում է տարբեր տարածաշրջաններում:

XS
SM
MD
LG