Մատչելիության հղումներ

Հունաստանը դատապարտում է ԼՂ-ում ռազմական գործողությունները հրահրող արտաքին միջամտությունները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը ողջունել է Հունաստանի ԱԳ նախարարի այցը, որը կարևոր աջակցություն է Հայաստանին և հայ ժողովրդին այս դժվարին ժամանակաշրջանում: «Մեր ժողովուրդներին միավորում են պատմական ջերմ հարաբերություններն ու ընդհանուր արժեքները: Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ կապերի շարունակական սերտացումը և զարգացումը, որի նշանակությունն ավելի է ընդգծվում ներկայիս տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանին և հույն ժողովրդին՝ Հայաստանին և հայ ժողովրդին աջակցելու համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված պատերազմին՝ խոսելով Թուրքիայի բացահայտ ներգրավվածության և տարածաշրջանն ապակայունացնող քայլերի մասին:

Հունաստանի արտգործնախարարը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ջերմ ողջույնները և աջակցության խոսքերը: Նիկոս Դենդիասը ասել է, որ երկու ժողովուրդներին և երկրներին կապում է դարավոր ամուր բարեկամությունը, և այս բարդ իրավիճակում Հունաստանը, հույն ժողովուրդը հայ ժողովրդի կողքին են: Նա նշել է, որ Հունաստանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից է, քանի որ բռնությունը հարցի լուծման ճանապարհ չէ: Նիկոս Դենդիասն ընդգծել է, որ Հունաստանը դատապարտում է ռազմական գործողությունները հրահրող արտաքին միջամտությունները և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հրադադարը պահպանելու և բանակցային գործընթացը վերսկսելու կոչին:

Վարչապետը և Հունաստանի արտգործնախարարն անդրադարձել են Թուրքիայի ապակայունացնող ծավալապաշտական քաղաքականությանը, որը դրսևորվում է տարբեր տարածաշրջաններում: Նիկոլ Փաշինյանը և Նիկոս Դենդիասն ընդգծել են նման քաղաքականության անընդունելիությունը և մտքեր փոխանակել դրան հակազդելու ուղղությամբ համատեղ անելիքների շուրջ:

Հունաստանի արտգործնախարարը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը նշել է. - «Դուք անցել եք ցեղասպանության միջով, մենք ևս՝ Պոնտոսի հույները, անցել ենք ցեղասպանության միջով: Մենք միշտ հիշում ենք դա և չենք կարող թույլ տալ, որ այն մոռացվի: Զարգացման ընթացքում մեր երկրները ագրեսիայի զոհ են դարձել, դա միանշանակ է: Դուք այսօր դիմագրավում եք շատ ավելի դժվարին իրավիճակների: Դա ակնհայտ է: Իմ այցը Երևան դիտարկում եմ որպես մեր բարեկամության և աջակցության խորհրդանիշ՝ ուղղված Հայաստանին և հայ ժողովրդին»:

Հանդիպմանն, ինչպես փոխանցում են նախագահի աշխատակազմից, անդրադարձ է եղել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային և նրա կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ կատարված ոտնձգություններին, հրադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությանը և այն պահպանելու կարևորությանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից այն շարունակաբար խախտելուն:

XS
SM
MD
LG