Մատչելիության հղումներ

Հայաստանն ունի պատերազմի ընթացքը շրջելու կարողություն, կարծում է վերլուծաբան Լիտովկինը


Искандер-М տեսակի հրթիռ, արխիվ, Սանկտ Պետերբուրգ

Ղարաբաղի խնդիրը ՌԴ Անվտանգության խորհրդի օրակարգում

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է մի շարք հարցեր, այդ թվում` Ղարաբաղի հակամարտությունը:

«Խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում ընթացիկ վիճակի շուրջ»,- ասել է Պեսկովը:

Ղարաբաղյան խնդրի կարգավորման դերակատարներից առաջատարը համարվում է Ռուսաստանը:

Հենց Պուտինի անձնական ջանքերի շնորհիվ են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Մոսկվա գործուղել արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Ջեյհուն Բայրամովին, ովքեր հոկտեմբերի 10-ին հրադարարի համաձայնագիր են կնքել, սակայն այդ պայմանավորվածությունը գործնականում չի աշխատում, ծանրագույն մարտերը շարունակվում են:

Բաքուն վաղաժամ է համարում խաղաղապահների հարցը

Ըստ Մոսկվայի, խաղաղապահներ, կամ, ինչպես Լավրովն է որակել՝ «զինվորական դիտորդներ», կարող են տեղակայվել միայն կողմերի համաձայնության դեպքում:

Այսօր Բաքուն նկատել է տվել, թե այս պահին չի ողջունում Ղարաբաղում ռուսաստանցի զինվորական դիտորդներ տեղակայելու գաղափարը:

El Mundo իսպանական օրաթերթին տված հարցազրույցում նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, թե բանակն Ադրբեջանի տարածքում է կռվում:

«Եկեք հստակեցնենք, Ադրբեջանը գործողություն չի վարում այլ երկրում, բանակը կռվում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում, հետևաբար, մենք այդ դիտորդների անհրաժեշտությունը չենք տեսնում, հիմա նրանք մեզ պետք չեն, դա վաղաժամ է, նախ հայկական ուժերը պետք է հեռանան, տեղահանվածները վերադառնան, և միայն դրանից հետո կարող ենք խոսել հակամարտող կողմերին միմյանցից անջատելու մասին»,- պնդել է Հաջիևը:

Ալիևը պնդում է, որ առանց Թուրքիայի ոչ մի հարց չի լուծվի

Նախագահ Ալիևն էլ հետևողականորեն նկատել է տալիս, թե առանց Թուրքիայի այս հարցը չի լուծվի: Նա այդ թեզը կրկնել է հարցազրույցում, որը երեկ հեռարձակել է NTV թուրքական հեռուստատեսությունը:

«Պետք է հաշվի առնել պատմական իրողությունները, առանց Թուրքիայի այս տարածաշրջանում ոչ մի հարց չի լուծվի: Թուրքիան փաստորեն արդեն մասնակցում է գործընթացին, ինչի մասին են վկայում նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի և արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի վերջին հեռախոսազրույցները»,- ասել է Ալիևը:

«Թուրքիան պետք է ներգրավվի գործընթացում, իսկ թե ինչ կարգավիճակումմ դա արդեն տեխնիկական հարց է»,- նշել է Ալիևը:

Գեներալ-գնդապետ Իվաշով. «Թուրքերի հարցում մենք լրջորեն ձախողվել ենք»

Ռուսաստանցի մի շարք վերլուծաբաններ նշում են, որ Անկարան Մոսկվայի համեմատությամբ Ղարաբաղի հարցում այսօրվա դրությամբ իրականացնում է շատ ավելի նախաձեռնողական և ակտիվ քաղաքականություն, դա ապացուցում է թուրքերի անմիջական ռազմական օժանդակությունն Ադրբեջանին:

«Թուրքերի հարցում մենք լրջորեն ձախողվել ենք, մենք անընդհատ զիջում ենք նրանց, մենք ներեցինք Սիրիայում Սու-24 օդանավի խոցումը, ներեցինք Անկարայում մեր դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը, ըստ էության, ռազմաքաղաքական ստրատեգիայի, ես կասեի՝ աշխարհաքաղաքականության փոխարեն գործադրեցինք շուկայական մարտավարություն ինչ-որ ֆինանսական եկամուտի ակնկալիքով»,- դառնացած ասել է ռազմական հարցերով փորձագետ, պահեստի գեներալ-գնդապետ, ՌԴ պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության նախկին պետ, հասարակական և քաղաքական գործիչ Լեոնիդ Իվաշովը:

77-ամյա վետերանը հաճախ է մասնակցում ռազմաքաղաքական հարցերով գիտաժողովներին և վերլուծական նյութեր է հրապարակում ռուսական մամուլում:

Պատասխանելով «Ազատ Մամուլ» (Свободная Пресса) հանրային-քաղաքական առցանց հանդեսի հարցերին, նա ասել է, որ Մոսկվան նախաձեռնությունը նաև Սիրիայում է զիջել թուրքերին, քանի որ նախապես պնդել է, թե այնտեղից պետք է դուրս բերվեն բոլոր զինված ջոկատները, հետո էլ համաձայնել է թուրքերի հետ համատեղ պարեկություն անել, իսկ ավելի ուշ մերվել է Իդլիբում թուրքամետ գրոհայինների ներկայության հետ:

«Մենք կուլ տվեցինք խայծը, որն առաջարկեց Էրդողանը, դա Ակկույու ատոմակայանն է և «Թուրքական հոսք» գազատարը»,- ասել է գեներալ-գնդապետը:

«Թուրքերի ձեռքերն ազատ են»

«Բայց արդյոք հնարավոր է կանգնեցնել ղարաբաղյան պատերազմը, արդյոք կողմերը չեն հատել սահմանը, որից անդին վերադարձ չկա»:

«Պատերազմը միշտ հնարավոր է կանգնեցնել»,- արձագանքել է Իվաշովը: Նրա կարծիքով, պետք են համատեղ ջանքեր հենց նույն Մինսկի խմբի ներգրավմամբ: Եթե Միացյալ Նահանգները լուրջ ճնշում բանեցնի Թուրքիայի վրա, Ադրբեջանը կկատարի հրադադարի պահանջները, Ռուսաստանն էլ այդ դեպքում պետք է առավել ճնշում բանեցնի Երևանի վրա:

Իվաշովի կարծիքով, պետք է հստակ պայմաններ ներկայացնել, ասել՝ «եթե չեք դադարեցնում կրակը, մենք դիմում ենք այս կամ այն քայլի»:

«Իսկ ինչո՞ւ հիմա դա չի արվում», պատասխանելով այդ հարցին՝ Իվաշովն ասել է, որ հիմա թուրքերի ձեռքերն ազատ են, չկա հստակ ճնշում Ամերիկայի կողմից:

Բացի այդ, ղարաբաղյան կոնֆլիկտի շնորհիվ Թուրքիան ցանկանում է ճեղքելով հասնել Կենտրոնական Ասիա:

Հայաստանը կարող է սթափեցնել Ադրբեջանին, կարծում է Լիտովկինը

Պահեստի գնդապետ, վերլուծաբան Վիկտոր Լիտովկինի համոզմամբ, վերադարձի կետը դեռ չի հատվել, Հայաստանն ունի պատերազմի ընթացքը շրջելու ռազմական կարողություն, «Սմերչ»-ներ, «Իսկանդերներ» և այլ հզոր զինատեսակներ:

«Ղարաբաղն «Իսկանդեր-Մ» չունի, «Սմերչ»-ների թիվն էլ մեծ չէ: Բայց հիմնական զսպող հանգամանքն այն է, որ Ադրբեջանը Հայաստանի բուն տարածքին մինչ այդ հարված չէր հասցրել, սակայն դա արդեն տեղի է ունեցել, ուստի Երևանը ստացել է պատասխան տալու իրավունք»,- կարծիք է հայտնել փորձագետը:

«Եթե Հայաստանը գործադրի իր բոլոր հնարավորություններն, ապա դա կսթափեցնի Ադրբեջանին, և այդ դեպքում գուցե կհաջողվի ռուսաստանցի խաղաղապահներ բերել ու կանգնեցնել պատերազմը»,- ասել է Լիտովկինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG