Մատչելիության հղումներ

Հայաստանում առաջնահերթ են համարում հումանիտար հրադադարի իրագործումն ու վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը


Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Ռուբինյան («Իմ քայլը»)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ևս անգամ հայտարարեց, որ Հայաստանի համար անընդունելի է այն տարբերակը, որ առաջարկվել է նախկինում, և այսօր ընթացող պատերազմը ևս դա վերահաստատում է, «Ազատության» հետ զրույցում ասաց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Մեզնից պահանջել են հրաժարվել մեր իրավունքներից՝ կյանքի իրավունքից, անվտանգությունից։ Դա անընդունելի է։ Եվ այո, այս պատերազմը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ դա չի կարող ընդունելի տարբերակ լինել», - նշեց Ռուբինյանը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այսօվա հարցազրույցին, որում նա ևս մեկ անգամ անդրադարձել է նախկին բանակցությունների ժամանակ քննարկված կետերին, փաստացի փուլային տարբերակին, ապա, ըստ Ռուբինյանի, դրանք քննարկվել են նախկինում և մերժվել են։ Այժմ միակ բանը որ կարող է քննարկվել, մարդասիրական հրադադարի հաստատումն է։

Մարդասիրական հրադադարի հսկման մեխանիզմներին Հայաստանն ու Արցախը կողմ են։ Իսկ ինչ վերաբերում է Սերգեյ Լավրովի առաջարկին, թե տեղում պետք է լինեն ռազմական դիտորդներ, և Ռուսաստանը կարող էր նման դիտորդներ ուղարկել, Ռուբեն Ռուբինյանն ասաց․ - «Դրա մասին Հայաստանի վարչապետը օրեր առաջ անդրադարձ ունեցել է, որ այդպիսի քննարկումներ հնարավոր են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Եվ բացի այս, ես ուզում եմ կրկին հիշեցնել, որ միակ բանը, որ հիմա հնարավոր է քննարկել որպես առաջին քայլ, հումանիտար հրադադարի իրագործումն է և վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը։ Եվ մենք շատ շնորհակալ ենք մեր ռուս գործընկերներին և դաշնակիցներին, որ նրանք շարունակում են աշխատել այս ուղղությամբ»։

Հայաստանում շուրջ քառորդ դար իշխած Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը չխոսեց նախկինում սեղանին եղած բանակցային առաջարկներից՝ հայտարարելով, որ ռազմական դրություն է, և այս պահին որևէ մեկնաբանություն չի տալիս։

Հանրապետականի իշխանության որոշ տարիներին նրա կոալիցիոն գործընկեր Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասում է, որ նախկինում արված առաջարկների փաստաթուղթ իրենց հայտնի չէ, և իրենց համար անընդունելի է հարցի լուծումը առանց Արցախի անկախության ճանաչման․ - «Նախկինում մեզ նման փաստաթուղթ հայտնի չի։ Ովքեր ունեցել են էդ լիազորությունները նման փաստաթուղթ քննարկելու, կարծում եմ, իրենք համապատասխան հայտարարությամբ հանդես կգան։ Ամեն դեպքում Դաշնակցության համար անընդունելի է հարցի որևէ լուծում առանց Արցախի անկախության ճանաչման։ Էլ չեմ ասում [որ անընդունելի է] հարցի փուլային տարբերակով լուծումը․ դա պետք է լինի միաժամանակ, որի մեկնակետը պետք է լինի Արցախի ճանաչումը և վերջ»։

Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան

Չնայած հոկտեմբերի 10-ի փաստաթղթին, այս պահին հումանիտար զինադադար չկա, դրան հասնելու համար ըստ Իշխան Սաղաթելյանի պետք են կոնկրետ քայլեր․ - «Մենք գտնում ենք, որ իրական հրադադարի հասնելու համար անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկվեն։ Եվ միջազգային հանրության բոլոր այն հայտարարությունները, որ դադարեցրեք կրակը, դրան պետք է հետևի գործնական միջամտություն, և էդ խոսքերը պետք է չմնան օդում կախված։ Ինչ կարգավիճակով, ինչ ձևով, ինչ քայլերով՝ դա արդեն բանակցային գործընթացի պատասխանատուները թող դրան անդրադառնան»։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, Փաշինյանի ուղերձի հիմնական մեխն այն էր, որ պայքարը շարունակվում է․ - «Միանշանակ ինքը ճիշտ է։ Համաձայնել այն տարբերակին, որը փաթաթվում էր Հայաստանին նախկինում․․․ չի կարելի համաձայնել։ Պետք է պաշտպանենք մեր հայրենիքը։ Վերջ։ Նիկոլ Փաշինյանի ուղերձը շատ հասարակ, շատ հասկանալի ուղերձ է։ Ադրբեջանցիք չեն ուզում զինադադար, շարունակում են պատերազմական գործողություն։ Ուրեմն ուղերձը շատ հստակ է, շատ գրագետ է, շատ ճիշտ է։ Շարունակում ենք բոլորս աշխատել»։

Ստեփան Գրիգորյան
Ստեփան Գրիգորյան

Ռուսաստանի արձագանքը քաղաքագետը բավարար չի համարում։ Նա կարծում է, որ այսօր, արդեն Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի հարվածից հետո ՀԱՊԿ-ը պետք է միջամտի․ - «Բայց գլխավորը այսօր նա է, որ Ադրբեջանը չի հարգում Վլադիմիր Պուտինին։ Ադրբեջանը ուզում է վարկաբեկել Ռուսաստանի միջնորդությունը։ Դա շատ կարևոր է, և բոլոր լրատվամիջոցները պետք է տան։ Ռուսաստանի քաղաքականությանը ես չեմ հավատում, բայց ասում եմ՝ ես տեսնում եմ, որ իրենք խաղում են և՛ Ադրբեջանին, և՛ մեզ։ Եթե իրենք անկեղծ լինեն, էսօր ռմբակոծվել է Հայաստանի տարածքը։ Եթե իրենք էդպես ազնիվ են, թող հիմա հայտարարություն անեն, որ ՀԱՊԿ-ի խաղի կանոնների համաձայն, սկսում են մեզ աջակցել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG