Մատչելիության հղումներ

Բայդեն. «Մինսկի խմբի համանախագահները պետք է որոնեն իրավիճակը կայունացնելու ուղիներ»


ԱՄՆ նախագահության թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդեն, արխիվ

Նախագահության թեկնածուն ներկայիս վարչակազմին կոչ է անում ակտիվացնել դիվանագիտական ջանքերը:

ԱՄՆ նախագահության դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենն իր պաշտոնական կայքում տեղադրած հայտարարությամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված վտանգավոր իրավիճակին:

«Խիստ մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ: Կոչ եմ անում անհապաղ կայունացնել իրավիճակը, վերականգնել հրադադարը և վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները», - ասված է հաղորդագրությունում:

Բայդենի համոզմամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է պահանջի ավելացնել հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի երկայնքով տեղակայված դիտորդների թիվը և կոչ անի Ռուսաստանին «ցինիկորեն զենք չտրամադրել հակամարտող երկու կողմերին»:

Բայդենը նաև ենթադրում է, որ Միացյալ Նահանգները պետք է վերանայի անվտանգության ասպարեզում իրականացվող աջակցության ծրագրերը և երաշխավորի, որ ռազմական կարողությունները չկիրառվեն հարձակողական նպատակներով:

Դեմոկրատական թեկնածուի համոզմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նույնպես պարտավոր է ակտիվացնել դիվանագիտական ջանքերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների՝ համանախագահներ Ֆրանսիայի ու Ռուսաստանի հետ միասին որոնի խաղաղ լուծում ու սատարի փոխադարձ վստահության վերականգնման միջոցառումներին:

«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկումը կարող է հանգեցնել տարածաշրջանային լայնածավալ հակամարտության, ուստի երրորդ կողմ հանդիսացողները չպետք է ներգրավվեն, և Մինսկի խմբի միջնորդները պետք է անհապաղ սկսեն որոնել իրավիճակի կայունացման ու բանակցությունների վերսկսման ուղիներ», - հայտարարել է ԱՄՆ փոխնախագահության դեմոկրատական թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:

XS
SM
MD
LG