Մատչելիության հղումներ

Հայաստանյան լրագրողական կազմակերպությունները փաստում են, որ ծայրահեղ բարդ է պատերազմը լուսաբանող լրագրողների աշխատանքը


Արցախում վիրավորված ֆրանսիացի լրագրողը շտապօգնության մեքենայում։
Արցախում վիրավորված ֆրանսիացի լրագրողը շտապօգնության մեքենայում։

Հայաստանյան լրագրողական կազմակերպությունները փաստում են՝ Լեռնային Ղարաբաղում ահագնացող պատերազմական գործողություններին զուգահեռ ծայրահեղ բարդացել է հակամարտությունը լուսաբանող հայ և օտարերկրյա լրագրողների աշխատանքը, որոնք ևս խաղաղ բնակիչների նման կրակի թիրախ են դառնում։

Հայատարարությունը տարածած 10 կազմակերպությունները կոշտ քննադատության են ենթարկում Ադրբեջանի կառավարությանը՝ Արցախում հայ և օտարերկրյա լրագրողներին թիրախավորելու համար։

«Թեև լրագրողները ռազմական օբյեկտ չեն, նրանք պարզապես իրենց մասնագիտական պարտքն են կատարում՝ հանրությանը իրազեկելով այն ամենի մասին, ինչ կատարվում է, բայց Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևի խոսքը առ այն, որ մենք չենք երաշխավորում նրանց անվտանգությունը, որովհետև նրանք առանց մեր թույլտվության են գտնվում պատերազմական տարածքում, ուստի մենք չենք երաշխավորում, թե ինչ կլինի։ Այսինքն՝ ամբողջությամբ պատասխանատվությունը ընկնում է մեր վրա։ Սա ուղղակի սպառնալիք էր ուղղված լրագրողական հանրությանը՝ փորձելով կանխարգելել, որպեսզի որևէ արտասահմանցի լրագրող, տեղացի լրագրող փորձ չանի գտնվել այնտեղ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։

Նա ընդգծում է, որ պետք է միջազգային կառույցների և արտասահմանցի բոլոր գործընկերների ուշադրությունը հրավիրել այս փաստին և գործնական քայլեր ձեռնարկվեն լրագրողների նկատմամբ իրականացվող գործողություններին հակազդելու ուղղությամբ․ - «Սա լինում է ուղղակի թիրախավորում։ Եթե լրագրողը ունի համապատասխան իր զրահաբաճկոնը, ունի սաղավարտը, և ուղղակիորն նշված է իր բաճկոնի վրա, որ ինքը լրագրող է, այսինքն՝ ինքը զինվորական հագուստով չէ և ոչ էլ քաղաքացիական, այլ ուղղակի երևում է, որ ինքը իր գործը անող լրագրող է։ Էդ դեպքում, եթե լրագրողի նկատմամբ իրականացվի ոտնձգություն, ռմբակոծություն, հրետակոծություն, էդ դեպքում մենք ուղղակիորեն կարող ենք ասել, որ տեղի է ունեցել ժնևյան կոնվենցիայի դրույթների ուղղակի խախտում։ Նման գործողությունները ուղղակի հանցագործություններ են լրագրողական հանրույթի նկատմամբ»։

Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղում վերսկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող հայ և արտասահմանցի 4 լրագրողներ են վիրավորվել, ոմանք էլ հազիվ են կարողացել պատսպարվել հրետակոծություններից։ Նրանցից մեկի՝ Ֆրանսիական «Լը Մոնդ» պարբերականի լրագրողը լուրջ վնասվածք էր ստացել Մարտունիում տեղի ունեցած հրետակոծության հետևանքով։ Բժիշկներին դժվարությամբ հաջողվեց փրկել նրա կյանքը։

Ղարաբաղից Երևան տեղափոխված ֆրանսիացի ֆոտոլրագրող Յաղոբզադե Ռաֆայել Շարլզը նախքան Ֆրանսիա մեկնելը պատմել էր, թե անհասկանալի էր, թե որտեղ են գտնվում դիրքերը, որտեղ են պայթյուններն իրականացվում, որպեսզի հասկանային, թե որտեղ է ավելի վտանգավոր։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշում է, որ լրագրողներին թիրախավորելով խախտվում է նաև ռազմական դրության պայմաններում տեղեկատվություն ստանալու հանրության իրավունքը․ - «Այսօրվա ժամանակակից հետախուզական բոլոր համակարգերը հնարավորություն են տալիս նույնականացնել, թե որտեղ են գտվում լրագրողները, և ես համարյա արդեն կասկած չունեմ, որ կոնկրետ թիրախավորվում են այն վայրերը, այն շենքերը կամ այն տարածքները, որտեղ գտնվում են արտասահմանյան և հայ լրագրողները։

Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ռեպորտաժներ է պատրաստում բրիտանական ամենահայտնի լրատվամիջոցը՝ BBC-ն։ Լրագրողը նկարագրում է, թե ինչպես են, օրինակ, ադրբեջանական արկերը հարվածում հենց իրենց հյուրանոցի մոտակայքում գտնվող բնակելի շենքին, ինչպես են քաղաքացիական անձինք և BBC-ի թիմը փախչում գնդակոծությունից:

Այսօր էլ «Ազատության» նկարահանումների ընթացքում Ստեփանակերտում պարբերաբար հնչում էին օդային տագնապի ձայներ, որոնց հաջորդում էին հարվածները։ Լեռնային Ղարաբաղում գտնվող «Ազատության» թղթակիցները դժվարությամբ են կարողանում նկարահանումներ իրականացնել, քանի որ գրեթե միշտ առկա են թիրախավորվելու վտանգը։

Արցախում լրագրողների թիրախավորումը դատապարտել է նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը։ Անդրադառնալով Մարտունիի դեպքին, երբ չորս լրագրող վիրավորվեց, կազմակերպությունը ադրբեջանական իշխանություններից պահանջել է քննություն՝ պարզելու գնդակոծության աղբյուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG