Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ն արդեն ստացել է հայկական կողմի դիմումը


ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան, արխիվ

Հայաստանի ներկայացուցիչն այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկել ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները և բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ փաստեր։ Հայաստանը ստրասբուրգյան դատարանից խնդրում է միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ, որը երեկ վաղ առավոտից զինված հարձակում է գործել Արցախի վրա։

ՄԻԵԴ-ն արդեն ստացել է հայկական կողմի դիմումը, որում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը շեշտել է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների կոնվենցիան, մասնավորապես կյանքի իրավունքի մասին 2-րդ, խոշտանգումների արգելման մասին 3-րդ և 8-րդ հոդվածները. – «8-րդ հոդվածը անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, որը առաջ է գալիս պատերազմական գործողությունների հետևանքով, մարդիկ ստիպված տեղահանվում են, և ընտանիքների բաժանման իրավիճակներ են»:

Երեկ ռազմական գործողությունների վերսկսումից հետո հայտարարվեց, որ Ղարաբաղում խաղաղ բնակավայրերի հրետակոծման հետևանքով զոհվել մեկ երեխա և մեկ կին: Կիրակոսյանը շեշտում է, որ Հայաստանը որպես Արցախի անվտանգության երաշխավոր է դիմել Ստրասբուրգի դատարան՝ խնդրելով պարտադրել Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը Հայաստանի և Արցախի շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց։

Ամենայն հավանականությամբ, այս շաբաթ ՄԻԵԴ-ը կպատասխանի Հայաստանին: Մերժելու դեպքում Հայաստանը կարող է գանգատ ներկայացնել ընդդեմ Ադրբեջանի, իսկ բավարարելու դեպքում ՄԻԵԴ-ը Ադրբեջանին կպարտավորեցնի կատարել այս պահանջները. – «Ամեն դեպքում, լոկ որոշման կայացումը, բուն եթե որոշում կայացնի, ՄԻԵԴ-ը, բավարարի խնդրանքներից որևէ մեկը և որոշակի կոնկրետ գործողություն չկատարելու պարտավորեցնի, դա արդեն մեծ նվաճում կլինի ինքնին: Մնացած աշխատանքները պետք է տանել արդեն ԵԽ և Նախարարների կոմիտեի շրջանում, որպեսզի կարողանանք ապահովել կատարումը»:

Այսօր հայտնի դարձավ, որ այսօր Լեռնային Ղարաբաղում նաև կրակի տակ են ընկել լրատվամիջոցների ներկայացուցիչները։ ՄԻԵԴ ում Հայաստանի ներկայացուցիչը «Ազատությանը» փոխանցեց, որ այդ տեղեկատվությունը ևս կուղարկի Ստրասբուրգ։

«Որքան էլ Ադրբեջանը փորձի խեղաթյուրել իրականությունը, ակնհայտ է, որ հրետակոծվել են շփման գծից տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվող բնակավայրերն ու խաղաղ բնակիչները», - պնդում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը. – «Այստեղ ակնհայտությունն այնքան բարձր է, որ դա հերքելը շատ դժվար կլինի: Այսինքն` շփման գծից կիլոմետրերով ներս գտնվող քաղաքացիական բնակավայրի խոցումը ինքնին, որի հետևանքով մենք զոհեր ունենք, կամ հենց նույն բնակելի տներ, դպրոցներ և այլ քաղաքացիական օբյեկտներ են վնասվում, դա ակնհայտորեն նախ մարդասիրական իրավունքի խախտում է, և երկրորդ, որպես հետևանք նաև առաջացնում է Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտումներ»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն էլ Արցախի գործընկերոջ ներկայացրած տվյալների հիման վրա արդեն դիմել է միջազգային կառույցներին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել և ուղղել ջանքերը կանխելու Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված այս ռազմական ագրեսիան և բռնությունը: Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը ահազանգում է, որ Ադրբեջանը թիրախավորել է նաև Ստեփանակերտի երկու դպրոց, բարեբախտաբար օրը կիրակի էր և դպրոցում աշակերտներ չկային. – «Օրինակ, 10-րդ դպրոցը Ստեփանակերտի, 4-րդ դպրոցը Ստեփանակերտի որոշակի վնասներ են կրել»:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ցավով է նշում՝ անցած 15 տարիներին միջազգային հանրությունը ո՛չ եկել է Արցախ, ո՛չ էլ մշտադիտարկում իրականացրել տեղում։ Բեգլարյանը ընդգծում է՝ Ադրբեջանի իշխանությունների համար Արցախը ռազմական օբյեկտ է. – «Եվ իրենք որևէ տարբերակում չեն դնում որտեղ է ռազմական օբյեկտ, որտեղ` չէ: Եվ իրենց տարիների քարոզչությունը ցույց է տալիս, որ իրենք ներկայացնում են, որ Արցախում քաղաքացիական բնակչություն չկա էլ, բոլորը զինվորականներ են, կամ զինվորականի ընտանիքի անդամներ են, ինչը, բնականաբար, աբսուրդ է»:

Այսօր արդեն Արցախում առկա են ներքին տեղահանված անձինք, և միջազգային հանրությունը պետք է նաև սրան արձագանքի՝ ցուցաբերելով նաև մարդասիրական աջակցություն։

«Մենք շատ ավելի խոցելի ենք որպես չճանաչված պետություն»,-խոստովանում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG