Մատչելիության հղումներ

Հնդկական ռեստորանից՝ արցախցիների հասցեով. հնդիկ ընտանիքը կամավորագրվել է


Հնդիկ Փարվեզ Ալի խանը կնոջ պատրաստած ուտելիքներն է լցնում տարաները, որ րոպեներ անց առաքվելու են Երևան եկած արցախցիների հասցեներով՝ անվճար. - «Էս կծու է, էս նորմալ ա, էս միսը..»:

Շատ համեղ է, կծու, թթու, սուր հնդկական համեմունքներ չենք անում, որ արցախցիների քիմքին էլ խորթ չլինի, ասում է ռեստորանի սեփականատեր Փարվեզ Ալի խանը։ Միայն կնոջ` Ֆարհա խանումի պատրաստած հացն է հնդկական։ Կարևորն այս օրերին մարդկանց օգնելն է. - «Արցախից մարդիկ գալիս են, միայն օգնության համար է»:

Հնդկական «Ինդիան Մեհակ» ռեստորանի խոհանոցում բույրերը փոխվեցին պատերազմից հետո։ Փարվեզ Ալի խանը կնոջ ու երկու դստեր հետ թիկունքում է կամավորագրվել։ Ասում է` առաջնահերթը Ադրբեջանի հրթիռներից ու արկերից փրկված կանանց ու երեխաներին սնունդ հասցնելն է։ Հաճախորդները կսպասեն, պատերազմական օրերին շատ էլ չեն. - «Մենք 5 տարի այստեղ ենք ապրում, հայ ընկերներ ունենք, կօգնեն, որքան կարողանանք»:

Փարվեզ Ալի խանը 5 տարի է՝ ընտանիքով Երևանում է ապրում։ Հայաստան է տեղափոխվել Հնդկաստանի հյուսիսից՝ Փենջաբ քաղաքից։ «Այստեղ շատերի հետ ենք ընկերացել, մեր հաճախորդների, որոնք գուցե արդեն պատերազմի դաշտում են: Խաղաղ օրերին նրանք էին մեր բիզնեսի կողքին, այսօր մեր հերթն է, - ասում է Փարվեզ Ալի խանը, - մեզ այստեղ շատ են օգնել, հաճախորդները մեր բիզնեսին են օգնել, Covid-19-ի ժամանակ խնդիրներ ենք ունեցել, բոլորը մեր կողքին էին, հիմա մենք պետք է նրանց ու նրանց բարեկամներին օգնենք»:

Արցախում եղել ե՞ք, հարցից հուզվեց.- «Չհասցրինք, պատերազմն ավարտվի կգնանք»։

Դստրերը՝ Ալսան ու Աքսան, վարժ հայերենով ցուցակագրում են զանգահարողներին։ Կամավորներն են, տեղեկացնում են անհրաժեշտ քանակի ու հասցեների մասին։Մինչև կամավորներին գտնելը ինքն ու քույրն անձամբ են տարել, տխրել են. - «Մենք երեկ գնացել էինք, մի հյուրանոցում այդ սնունդը առաքել, այնտեղ կային ընտանիքներ` երեխաները, մամաները, շատ տխուր էր ամեն ինչ, որ իրենք էնտեղից պետք է գան էստեղ, բայց փորձում ենք օգնել, ուզում եմ` ամեն ինչ լավ լինի»:

Ալսա խանն Արցախում չի եղել, բայց ասում է՝ ամեն ինչ էլ գիտեմ` «հայկական դպրոց եմ ավարտել, պատմությունն էլ լավ սովորել». - «Որ տեսա հայերը կամ Արցախի հայերը, որ իրար հետ տենց կանգնած են, տղերքն էտքան դուխով գնում են ծառայեն, տեսել եմ` ոնց են տներից հանում ամեն ինչը, որ ուղարկեն, ինձ շատ դուր է եկել այդ ամեն ինչը»:

Ավագ քույրը՝ Աքսան, Ամերիկյան համալսարանում է սովորում։ Երկու օր է` դասերը երկրորդ պլան են մղվել։ Դժվար դրության մեջ հայտնված հայերը մեր օգնության կարիքն ունեն։ Գաղափարն էլ մայրիկինն է. - «Երեկ մենք նստեցինք, որոշեցինք, մաման էլ ասաց` խնդիր չկա, ինքը կպատրաստի քանի հոգու համար: Իր շնորհիվ է էլի, որ ինքը չասեր, երևի մենք չմտածեինք»:

Աքսան ասում է՝ զանգերը շատ են, ընտանիքով չեն հասցնում։ Թե խոհանոցում, թե առաքման գործում իրենց օգնում են հնդիկ կամավորները։ Ռեստորանի աշխատակիցները բավարար չեն։ Համաճարակի օրերին, երբ փակվել էին, մի մասը Հնդկաստան է վերադարձել. - «Մեր մոտ եկել էին, մեր ռեստորան եկել էին, դա կապ չունի, մարդիկ են էլի, պետք է օգնենք»:

Արցախում էլ ընկերներ ունի։ Արդեն զանգել, հետաքրքրվել է։ Աղջիկները Երրանում են, տղաները՝ առաջնագծում։ Ասում է` ամենաշատը հայերի միասնությունից է տպավորված։ Իրենց էլ այլ ելք չէր մնում. - «Էս պահին, որ միասին են բոլորը ու իրար օգնում են, դա ահավոր շատ դուր է եկել ինձ, աշխարհում ուրիշ տեղ չեմ տեսել, որ սենց միասին օգնում են իրենց զինվորներին, իրենց սահմանին»:

Մայրը՝ Ֆարհա խանումը խոհանոցիից հազվադեպ է դուրս գալիս։ Շեֆ խոհարարն է։ Ասում է՝ հայկական ճաշատեսակների մասին տեղյակ է, բայց պատրաստելու հարցում իրեն հմուտ դեռ չի համարում. - «Սարքում եմ տոլմա, լոբի»:

XS
SM
MD
LG