Մատչելիության հղումներ

Եղվարդում ապաստանած արցախցիներ մեկ սպասում ունեն՝ վերադառնալ տուն


Եղվարդում ապաստան գտած արցախցի երեխաները

91-ամյա Սիրանուշ Իսրայելյանը հիմա Եղվարդից է հետևում Արցախի ճակատում պատերազմական զարգացումներին։ Ասում է, որ շատ կցանկանար ինքն էլ մի բանով օգտակար լինել, բայց հիմա «կռիվն օդում է», օդից են արկեր ցած թափվում։ Պատրաստ է, այդուհանդերձ, խոհանոցում օգնել, ցանկացած աշխատանք անել․ - «Նրանք ո՞վ են, որ մեզ հաղթեն, թորքը հային կարա՞ հաղթի»։

Սիրանուշ տատիկը հարսների, նրանց հարսների ու թոռ-ծոռների հետ երեք ընտանիք են։ Եղվարդում տեղավորվել են կամավորների ջանքերով։ Օրվա գործը տան տղամարդկանց զանգին սպասելն է և առաջնագծում տեղի ունեցող անհավանական պատմություններով զարմանալ-հիանալը։

«Մենք լուր ստացանք, որ մեր բնակարանն էլ ա արկ ընկել, բայց ես դրանից չեմ նեղվում, չեն տխրում։ Իմ համար նյութականը գոյություն չունի, սպասում եմ հաղթանակին», - ասաց ստեփանակերտցի Սվետլանա Բեդյանը։

Նա իր դուստրերի թոռների, դուրստրերի դասընկերների ու դասընկերուհի հարևանուհու հետ տեղավորվել են եղվարդցի Օվսաննա Սիմոնյանի հարկի տակ։ Երեկ բոլորով տեսան, թե ինչպես է ավերակների վերածվում Ստեփանակերտը։ Սվետլանան ասում է, որ 90-ականներին էլ «Ալազանն» էր տունն ավիրել․ - «Սարքեցինք, ապրեցինք։ Հիմա էլ նույնը կանենք»։

«Ես հարյուր տոկոսով սպասում եմ հաղթանակի։ Մեր տղաների բազկի ուժի զորությունը Աստված տա, զորացնի, հաղթանակով տուն վերադառնանք։ Կանենք, ամեն ինչ նորից կանենք»,- ասում է Սվետլանա Բեդյանը։

Տիկին Օվսաննան կոնկրետ թիվ չասաց, թե քանի հոգի են իրենց տանը տեղավորվել․ մինչև տասնհինգ։ Նկուղում ճաշարան է ձևավորել, որպեսզի վերևի սենյակներն ազատ մնան քնելու համար․ - «Էրեխեքս տեսան, աղջիկներս, ինչ-որ սայթ կա Եղվարդում։ Ասեցին՝ մամա, չորս հոգի ընտանիք ա, էկել են, դուրսն են մնացել, կլինի՞ բերենք մեր տուն։ Ասեցի՝ զանգի պապային, տես ինչ ա ասում։ Զանգեցինք, պապան ասեց՝ դրա համար զանգո՞ւմ են․․․»

Այս շատ մեծ ընտանիքում ճաշ պատրաստողը տիկին Սվետլանան է, Մարթան քաղցրեղենի պատասխանատուն է, փոքրերի համար տորթեր է թխում։

Տան պատին Ապրիլյան պատերազմում զոհված Վահագն Վիրաբյանի նկարն է՝ տանտիրող եղբորորդու։ Տիկին Օսվաննա ասում է, որ ուզում են արցախցիներին օգնելով՝ ինչ-որ կերպ շարունակել զոհված զինվորի գործը․ - «Ամուսինս ասեց՝ որ Վահագս կենդանի լիներ, հաստատ իրանց տուն կտաներ։ Բայց քանի որ Վահագի ոգին, Վահագի շունչը դեռ մեր տան մեջ ա, պտի․․․ երևի ինքը ավելի շատ մարդ կբերեր մեր փոխարեն։

Արցախից բազմաթիվ ընտանիքների Նաիրա Գրիգորյանն այլ կամավորների հետ է տեղավորել․ - «Էնպիսի դեպքեր ենք հանդիպել, էնպիսի պատմություններ ենք լսել էս ընթացքում, էնքան շնորհակալ մարդկանց ենք հանդիպել, որ իրականում հասկանում ես, որ թիկունքը ամուր ա»։

Նաիրան հիմա ծիծաղով է հիշում, թե ինչպես հեռակա կառավարեց Մարտակերտից Երևան ուղևորված ծննդկանի ցավերը։ Կինը հիմա նորածնի հետ Սիսիանում է տեղավորվել։

Այժմ արցախցիների հետ աշխատում են, որ երեխաներն անպայման դպրոց գնան․ - «Իրանք ասում են՝ դե մեկ ա, հեսա հետ ենք գնալու։ Բայց մենք գիտակցում ենք, որ չգիտենք, դա կլինի մի շաբաթ, երկու շաբաթ, մեկ ամիս․․․»

Ամենահյուրընկալ օջախներում էլ ապաստանած արցախցիները միայն մեկ սպասում ունեն՝ վերադառնալ տուն։

XS
SM
MD
LG